Ինչպե՞ս է փոքրիկը զարգանում մայրիկի արգանդում. Երկրորդ և երրորդ եռամսյակ

Նախածննդյան շրջան

Երկրորդ եռամսյակ

16 շաբաթական

Երեխան կշռում է մոտավորապես 150 գրամ, նրա հասակը 16-18 սմ է: Փոքրիկի գլխին մազիկներ են հայտնվում, աչքերին՝ թարթիչներ, դեմքին՝ հոնքեր: Փոքրիկը բացում է բերանը, ժպտում է:

20 շաբաթական

Երեխայի հասակը 30 սմ է, ձեռքերի ու ոտքերի մատիկներին եղունգներ են հայտնվում: Մայրիկը զգում  է փոքրիկի շարժումները: Երեխան այս փուլում արձագանքում է բարձր ձայնին, ուժեղ լույսին, զգում է մայրիկի տրամադրությունը: 20 շաբաթականից բժիշկները կարողանում են լսել փոքրիկի սրտիկի զարկը:

24 շաբաթական

24 շաբաթականից երեխան կարողանում է զայրանալ: Սա ապացուցում են ՈՒՁՀ ժամանակ արված լուսանկարները: Դրանցում երևում է երեխայի զայրացած դեմքը, խոժոռված աչուկներն ու հոնքերը: Երևում է նաև, որ երեխան լացում է՝ արտահայտելով իր դժգոհությունը: Ի դեպ, երեխան մայրիկի փորիկում քնում է և տեսնում երազներ: Երեխան այս շրջանում կշռում է 500 գրամ: Նրա մաշկը կարմիր է: 24 շաբաթականում սկսում են զարգանալ երեխայի թոքերը:

Երրորդ եռամսյակ

28 շաբաթական

Երեխան կշռում է մոտ 1 կգ: Նրա հասակը 35 սմ է: Նրա մոտ զարգացած են զգայական բոլոր օրգանները: Նա կարողանում է մայրիկի ձայնը ճանաչել:

32 շաբաթական

Երեխան մոտ 2 կգ է, նրա թևիկներն ու ոտիկները դառնում են ավելի փամփլիկ: Իմունային համակարգն է ձևավորվում: Երեխան մայրիկից սկսում է ստանալ հակամարմիններ, որոնք կպաշտպանեն նրան կյանքի առաջին ամիսներին: Կնոջ արգանդում կա 1 լիտր պտղաջուր: Ամեն 3 ժամը մեկ անգամ այն «թարմանում» է, այդ իսկ պատճառով, երեխան մշտապես «մաքուր ջրում» է:

34 շաբաթական

Երեխան 1,8-2,1 կգ է, հասակը 40-41 սմ է: Նրան մայրիկի արգանդն արդեն նեղություն է պատճառում: Նա սկսում է ավելի շատ շարժվել ու հիմնականում գլխով ներքև է շրջվում: Այս շրջանում նրա թոքերն ամբողջությամբ ձևավորված են և երեխան շնչում է ինքնուրույն:

36-38 շաբաթական

Հղիության 9-րդ ամսում երեխան ամեն օր քաշ է հավաքում: Երեխայի համար մայրիկի արգանդը շատ փոքր է, ուստի նրա ամեն մի շարժումը մայրիկը շատ լավ է զգում: 38-րդ շաբաթում երեխան գլխով շրջվում դեպի մայրիկի փոքր կոնք: Փոքրիկն արդեն պատրաստ է լույս աշխարհ գալուն:

Ծննդաբերություն

38-40 շաբաթականում ծննդաբերությունը համարվում է նորմալ: Սովորաբար երեխաները ծնվում են 3 կգ քաշով և 50 սմ հասակով: Ծնվելուն պես երեխան լաց է լինում, սկսում է ինքնուրույն շնչել, սրտիկը բաբախում է, շարժում է ձեռքերն ու ոտքերը:

 

Աղբյուրը՝ medportal.ru