Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանակաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Վլադիմիրի Թադևոսյանը
Ի՞նչ է վիժումը
Վիժումը հղիության ընդհատումն է մինչև 22 շաբաթական ժամկետը, երբ պտղի քաշը չի հասնում 500-800 գ. և ի վիճակի չէ արտաքին աշխարհում ադապտացիայի:
Վիժումները լինում են վաղ կամ ուշ: Վաղ վիժումները լինում են մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում, իսկ ուշը` 22 շաբաթական ժամկետում:
Ըստ դասակարգման՝ վիժումները լինում են` սպառնացող, սկսվող, ընթացքի մեջ, որն իր հերթին լինում է լրիվ, ոչ լրիվ և ինֆեկցված:
Որո՞նք են պատճառները
Պատճառները բազմաթիվ են: Պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, հորմոնալ խնդիրները, անատոմիական առանձնահատկությունները` արգանդում միջնապատի առկայությունը, արգանդի պարանոցի անբավարարվածությունը, երբ պարանոցի փողի ամրությունը բավական չի լինում՝ հղիության զարգացման պաշտպանման համար:
Փոքր ժամկետների հղիության ժամանակ վիժումների պատճառ հանդիսանում են քրոմոսոմային անոմալիաները, որոնց ժամանակ հղիությունը չի զարգանում:
Ինչպե՞ս ճանաչել վիժումը
Հիմնականում ցավեր են լինում որովայնի ստորին հատվածում` գոտկային շրջանում, ինչպես նաև արյունային արտադրություն սեռական ուղիներից: Տվյալ գանգատների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Ինչպե՞ս կանխարգելել
Բժշկի միջամտությամբ կատարվում են հետազոտություններ: Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն` ախտորոշելու համար՝ հղիությունը զարգանու՞մ է, թե՞ ոչ:
Կանխարգելումը կախված է վիժման տեսակից. եթե սպառնացող, սկսվող տեսակն է, ապա հնարավոր է հղիությունը պահպանել, իսկ եթե ընթացքի մեջ, լրիվ, ոչ լրիվ կամ արդեն կայացած, բնականաբար պահպանելու մասին խոսք լինել չի կարող:
Ի՞նչ է պետք անել վիժումից հետո
Եթե վիժումը տեղի է ունենում ամբողջությամբ, վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն չի լինում: Եթե վիժումը լինում է թերի կամ չզարգացող հղիություն, այսինքն` հղիությունը չի զարգանում, բայց վիժում 1l չկա, այդ դեպքում վիրաբուժական միջամտությամբ կատարվում է արգանդի խոռոչի մաքրում, պտղաձվի մնացորդների հեռացում: Ցանկացած վիժումից հետո անհրաժեշտ է հետազոտվել, գտնել վիժման հիմնական պատճառը, որպեսզի հետագայում բարդությունները չկրկնվեն: