Հղիությունը եւ սնունդը. ի՞նչ պետք է ուտի հղի կինը, ո՞ր վիտամիններն են կարեւոր եւ ի՞նչը պետք է բացառել սննդակարգից

Նախածննդյան շրջան

Հարցերին պատասխանել է Շենգավիթ բժշկական կենտրոնի  ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ,  բժշկական գիտությունների թեկնածու  Ռուսուդան  Վարդանյանը

Ի՞նչ պետք է ուտի հղի կինը

Կինը հղիության ընթացքում պետք է ուշադրություն դարձնի իր սննդակարգին և ընդունի այնպիսի սնունդ, որը կնպաստի երեխայի ճիշտ զարգացմանը և իր օրգանիզմի պաշարների ավելացմանն ու ամրապնդմանը:

Պետք է օգտագործի և´ սպիտակուցներ, որոնք օրգանիզմի զարգացման հիմնական գործոնն են հանդիսանում, և´ ածխաջրեր, յուղեր, և´ ճարպեր, և´ վիտամինային բաղադրիչներ: Հղին պետք է ուտի միս, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով: Կարող է ուտել ինչպես տավարի միս, այնպես էլ թռչնամիս, ձկնեղեն: Խորհուրդ ենք տալիս մի փոքր քիչ կիրառել խոզի և գառան միսը, քանի որ ճարպերը շատ են, և օրգանիզմը պետք է կարողանա յուրացնել:

 Հղի կինը պետք է օգտագործի կաթնամթերք, քանի որ այն ևս պարունակում է սպիտակուցներ: Ուշադրություն պետք է դարձնել կաթնաշոռի վրա, որովհետև բացի սպիտակուցներից, այնտեղ կա կալցիումի մեծ պարունակություն: Պետք է օգտագործի կաթ, կաթնաշոռ, մածուն, մի փոքր սահմանափակի թթվասերի օգտագործումը, քանի որ դրա մեջ ավելի շատ ճարպերկան, քան մյուս կաթնամթերքների մեջ:

Կան հղիներ, ովքեր բուսակեր են և կենդանական սպիտակուցներ չեն կարող ապահովել,  դրա համար պետք է ուշադրություն դարձնեն ընդեղենի վրա, լոբազգիների, որոնք որոշակի քանակությամբ սպիտակուցներ են պարունակում:

Հաջորդ անհրաժեշտ բաղադրիչն ածխաջրերն են: Խորհուրդ ենք տալիս սահմանափակել սպիտակ հացը, սերուցքով թխվածքը: Եթե կինն ունի պահանջ, խորհուրդ ենք տալիս, մանավանդ առաջին եռամսում, երբ ունենում են սրտխառնոց, փսխում, օգտագործել փոքրիկ թխվածքաբլիթներ:

Շատ կարևոր է միրգը, որը ևս ածխաջրերի աղբյուր է: Միրգը խորհուրդ ենք տալիս օգտագործել ժամը 16:00-18:00, որովհետև ավելի ուշ ժամերի օգտագործման պարագայում օրգանիզմը չի հասցնում յուրացնել այդ քանակի բջջանյութը: Այդ ժամանակ պարունակվող շաքարը, որն ածխաջրատների պաշար է, մնացած բիոքիմիական փոփոխություններով դառնում է ոչ թե  գլյուկոզա, այլ՝ ճարպ և մնում թիրախային տեղերում` ոտքեր, ձեռքեր, կրծքեր, որովայն և այլն:

Խորհուրդ ենք տալիս, անկախ սեզոնից, կիրառել մեծ քանակությամբ բանջարեղեն: Այն հանդիսանում է ոչ միայն ածխաջրատների, այլև վիտամինների աղբյուր:

Ի՞նչ քանակությամբ պետք է սնվի հղին

Մենք խորհուրդ ենք տալիս հղիին սնվել հաճախ ու փոքր չափաբաժնով: Հիմնական ճաշ կոչվածը լինի մինչև 18:00: Դրանից հետո, իհարկե, չի կարելի բացառել սնունդը, քանի որ օրգանիզմը պահանջ ունի: Բայց պետք է ուտել թեթև բանջարեղենային աղցան, մածուն, կաթնամթերք:

Ամբողջ հղիության ընթացքում, տարբեր տվյալներով, քաշի ավելացումը թույլատրելի է 10-14 կգ-ով: Եթե ամեն այցի ժամանակ տեսնում ենք հավելյալ քաշ, խորհուրդ ենք տալիս որոշ սահմանափակումներ անել:

Կա թյուր կարծիք, որ ինչքան շատ ուտի հղի կինը, այնքան ավելի լավ, բայց երեխան վերցնում է այնքան, որքան կարողանում է յուրացնել: Մոր և պտղի միջև ուղիղ կապ չկա: Առողջ հղին պետք է օգտագործի շատ հեղուկ, որովհետև շրջանառվող արյան ծավալը հղիության ժամանակ ավելանում է մոտ 80%-ով, և եթե կինը չխմի հեղուկ, արյունը չի կարող 4.5-5 լիտրից դառնալ 8-8.5, որը պետք է ունենա հղիության վերջում, ինչը հարկավոր է թե իրեն, թե բալիկին:

Ո՞ր վիտամիններն են կարևոր մոր առողջության և պտղի զարգացման համար

Վիտամինների հիմնական աղբյուրը, իհարկե, սնունդն է, իսկ ինչ վերաբերում է հավելյալ վիտամիններին,  ապա վիճահարույց է ֆոլաթթուն: Եթե կնոջ մոտ վիրուսային վարակ կա, անմիջապես  խորհուրդ ենք տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, վիտամին C պարունակող մրգեր, բանջարեղեն: Եթե ունենում է սակավարյունություն հղիության որևէ փուլում, խորհուրդ ենք տալիս սննդով վերականգնել, բայց եթե չի ստացվում, երկաթ պարունակող վիտամինային պրեպարատներ ենք նշանակում: Շատ մեծ կարևորություն ունի նաև վիտամինների B խումբը, որը կա հացի և այլ մթերքների մեջ:

Ի՞նչ չի կարելի ուտել

Հղիությունը հիվանդություն չէ, որ որևէ բան բացառեն, բայց քանի որ հղիի օրգանիզմն ունի իր առանձնահատկությունները, դրա համար խորհուրդ ենք տալիս չօգտագործել կամ սահմանափակել գազավորված ըմպելիքը:

Խորհուրդ ենք տալիս սահմանափակել կծուն, թթուն, ապխտած ուտելիքները, որոնց հետևանքով ախորժակն է ավելանում, սկսում են ուտել ավելի հաճախ և շատ, ինչի արդյունքում կինն օգտագործում է նաեւ ավելորդ հեղուկ:

Ասել, որ ինչ-որ ուտելիք արգելված է, սխալ կլինի, բայց խորհուրդ ենք տալիս սահմանափակել սուրճը, թեյը, քանի որ դրանց մեջ պարունակող նյութերը կարող են կանխել երկաթի յուրացումը: Ճարպերը նույնպես պետք են օրգանիզմին, բայց կրկին սահմանափակելով: Խորհուրդ ենք տալիս կերակուր պատրաստելիս օգտագործել ձեթ: