Ապագա մայրիկների պարտականությունների մեջ, չնայած օր օրի մեծացող փորիկին, մտնում են առօրյա տնային գործերը և գնումները:
Սակայն պետք է զգոն լինել, քանի որ հղիության շրջանում սիրտը և թոքերը կրկնակի ծանրաբեռնվում են, ինչը կարող է հևոց կամ այլ խանգարումներ առաջացնել: Իհարկե, տնային գործերը երեխայի և մայրիկի առողջությանը չեն սպառնում, սակայն կնոջ քաշի ավելացման հետ ավելի լավ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը և սովորել շարժվել ուժերի և էներգիայի նվազագույն ծախսով: Դրանից կախված է ապագա մայրիկի ինքնազգացողությունը:
Այսպիսով, եթե հղիությունը ընթանում է առանց որևէ բարդությունների, և դուք լի եք էներգիայով, ապա պետք է սովորել ճիշտ շարժվել, եթե վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ կա, ապա ձեզ անհրաժշետ է հանգիստ և, հավանաբար, անկողնային ռեժիմ, այսպիսով մոռացեք բոլոր գործերի մասին և կենտրոնացեք գլխավորի վրա` ապագա փոքրիկի:
Ինչպես ճիշտ կռանալ
Հղիության վեցերորդ ամսից հետո երեխան իր քաշով ճնշում է գործադրում ողնաշարի վրա՝ առաջացնելով ցավեր: Այդ պատճառով ավելի լավ է զերծ մնալ այն շարժումներից, որոնք ստիպում են կռանալ, այլապես ողնաշարի ծանրաբեռնվածությունը կարող է կրկնակի լինել:
Օրինակ՝ երբ որևէ իր է պետք բարձրացնել հատակից, փորը խանգարում է կռանալ: Այդ պատճառով պետք է ոչ միայն թեթևակի կռանալ առաջ, այլև սկզբում մի քիչ ծալել ոտքերը և տեղափոխել մարմնի քաշը ոտքերի վրա: Օգտագործեք այս դիրքը, երբ ձեզ պետք է լվանալ լոգարանը կամ հավաքել անկողինը:
Ինչպես ճիշտ վեր կենալ
Ապագա մայրիկի քնելու ամենահարմարավետ դիրքը կողքի պառկած դիրքն է: Սակայն որպեսզի քաշը ճիշտ բաշխվի, ցանկալի է բարձ դնել ոտքերի արանքը: Այն կանայք, որոնք ունեն երիկամային ցավեր, կամ որոնց ոտքերը թմրում են, կարելի է բարձ դնել մեջքի տակ, որպեսզի չկորանա:
Եթե մի քանի ամիս առաջ դուք հեշտությամբ վեր էիք կենում անկողնուց, այժմ անհրաժշետ է ավելի դանդաղ շարժվել, որպեսզի չծանրաբեռնել որովայնի մկանները: Եթե դուք մեջքի վրա պառկած եք, ապա վեր կենալուց առաջ շրջվեք մի կողմ, ուսերն առաջ տարեք և ծալեք ծնկները: Դրանից հետո հենվեք արմունկի վրա և ծալեք ոտքերը, ինչը կօգնի տեղափոխել դրանք անկողնու եզրով և նստել:
Ինչպես ճիշտ կանգնել
Եթե հղի կինը աշխատանքի բերումով ստիպված է երկար ժամանակ կանգնած մնալ, ապա պետք է հիշել, որ դա նպաստում է արյան և հեղուկի կուտակմանը՝ առաջացնելով այտուցներ և երակների լայնացում: Ապագա մայրիկը պետք է ժամանակ առ ժամանակ իրեն հանգիստ տա` նստի աթոռի վրա, ոտքերի տակ փոքր աթոռ դնի: Այդպես բարելավվում է արյան շրջանառությունը, և հանգստանում են մեջքի մկանները:
Եթե նստելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է ճիշտ, մարմնի առավել հարմար դիրք ընդունել՝ օգտագործելով վարժություններ՝ մկանների խմբին համապատասխան: Օրինակ՝ շարժելով նստատեղի մկանները, դուք կզգաք, թե ինչպես են որովայնի մկանները պահում ողնաշարը: Հաճախ հղի կինը ցանկանում է ձգվել՝ առաջ տանելով փորը, սակայն դա ցավեր է առաջացնում: Այդ պատճառով նաև արյան շրջանառությունը բարելավելու համար փորձեք հետևյալը` ծալեք ոտքերի մատները, այնուհետև թուլացրեք, կանգնեք ոտքերի ծայրերին և տեղաշարժեք մարմնի քաշը մի ոտքից մյուսին:
Ինչպես ճիշտ նստել
Երբ դուք նստած եք, շատ կարևոր է, որպեսզի դուք մեջքով հենվեք աթոռին և, եթե անհրաժեշտ է, փոքրիկ բարձ դնեք երիկամների մակարդակին:
Եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ապա աշխատեք ժամանակ առ ժամանակ դադար տալ և մի քիչ քայլել, դա բարելավում է արյան շրջանառությունը և կանխում է թութքի առաջացումը: Եթե այդ շրջանում անհրաժեշտ է շատ գրել և համակարգչով աշխատել, ցանկալի է նվազագույնը մեկ ժամ դադար տալ:
Ինչպես ճիշտ քայլել
Զբոսանքը այն է, ինչ պետք է հղի կնոջը: Այն բարձրացնում է ոտքի մկանների տոնուսը, կանխում երակների լայնացումը, ամրացնում որովայնի մկանները: Սակայն հենց որ զգաք, որ հոգնել եք, ապա դադար տվեք` նստեք մոտակա նստարանին և 5-10 րոպե հանգստացեք: Եթե չկա հնարավորություն զբոսնել այգում, ապա զբոսնեք ոչ աշխույժ փողոցով և տրանսպորտի նվազագույն շարժով, որպեսզի չշնչել աղտոտված օդ: Քայլեք ուղիղ պահելով մեջքը և թուլացնելով ուսերը: Զբոսանքի համար ընտրեք հարմարավետ, հաստ տակացուներով ցածրակրունկ կոշիկ:
Ի՞նչ անել հասարակական տրանսպորտում
Գնացքում
Եթե, լինելով հղի, դուք որոշել եք գնացքով ուղևորության մեկնել, հիշեք, որ մի քանի ժամ նույն դիրքով նստելը վնասակար է: Այդ պատճառով նույնիսկ գնացքում անհրաժեշտ է վեր կենալ և մի քիչ քայլել, որպեսզի խթանեք արյան շրջանառությունը:
Տրոլեյբուսում և ավտոբուսում
Շարժումը ոչ մի վնաս չի հասցնի ապագա մայրիկին և փոքրիկին, եթե ճամփորդությունը երկար չէ և չկան հատուկ հակացուցումներ: Սակայն նման տրանսպորտում ավելի լավ է նստել և մոտենալ ելքին միայն տրանսպորտի կանգնելուց հետո, քանի որ կարող եք կորցնել հավասարակշռությունը և ընկնել: Այդ պատճառով մի' ամաչեք խնդրել, որպեսզի ձեզ տեղ զիջեն: Մտածեք ձեր առողջության մասին:
Ավտոմեքենայում
Դուք կարող եք ընդունել ցանկացած հարմար դիրք` ուղիղ նստեք, հենվեք կամ նույնիսկ պառկեք: Եթե հոգնել եք, կանգ առնեք և մերսեք ոտքերը: