Որո՞նք են ծննդաբերության նախանշանները և ինչպե՞ս ճանաչել իրական կծկումները․ հարցեր, որոնց պատասխանները պետք է իմանալ նախապես։
Առաջնահերթ պետք է իմանալ, որ ծննդաբերության մասին հուշում է շնչառության թեթևացումը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ արգանդի դիրքը փոփոխվում է, և այն դադարում է սեղմել ստոծանին։ Դրանից հետո հղի կնոջ համար ավելի հեշտ է դառնում շնչելն ու շարժվելը։ Հաջորդ նշաններն են հեշտոցային արտադրությունը և ինտենսիվ ցավը մեջքի ստորին հատվածում: Արտադրությունը կարող է լինել տարբեր գույների՝ սպիտակից մինչև դեղնադարչնագույն կամ կարմրավուն, ինչը ցույց է տալիս՝ արգանդի վզիկը պատրաստ է ծննդաբերության: Սակայն մինչ այդ պետք է դիմել բժշկի՝ բացառելու համար գույնի փոփոխության հետ կապված հնարավոր ախտածին պատճառները: Մինչ ծննդաբերությունը կինը կարող է նիհարել 500 գրամից մինչև 2 կգ: Այդպիսով մարմինն ազատվում է ավելորդ հեղուկից:
Ծննդաբերության սկզբին մոտ լինելու դեպքում նկատելի են դառնում կծկումները: Իրական կծկումները կեղծից հնարավոր է տարբերել, նախ, կծկումների հաճախականության և ինտենսիվության բարձրացմամբ: Առաջին ծննդաբերության ժամանակ կծկումների սկզբից մինչև երեխայի ծնունդը կարող է տևել շատ ժամեր, որոշ դեպքերում՝ մեկ օրից ավելի: Երկրորդ և հաջորդ ծնունդների պարագայում ավելի լավ է շտապել, յուրաքանչյուր հաջորդ հղիության հետ արագ ծննդաբերության հավանականությունը մեծանում է։ Եթե կեղծ կծկումների ժամանակ ընդհանրապես ցավ չի լինում կամ թույլ է լինում, ապա իրական կծկումների դեպքում ցավն առավել բուռն է։ Եվ վերջապես, մեջքի ստորին հատվածի ցավը կամ հեշտոցից արտադրությունը լինում է միայն իրական կծկումների պարագայում: Իրական կծկումները կարող են ուղեկցվել նաև դողով:
Իհարկե, այս բոլոր նշանները սուբյեկտիվ են: Մեկը կարող է զգալ դրանք, իսկ մյուսը՝ ոչ: Եվ դա լիովին նորմալ է, քանի որ յուրաքանչյուր դրսևորում անհատական է և անգամ յուրաքանչյուր հաջորդ հղիությունը կարող է տարբերվել նախորդից:
Աղբյուրը՝ գինեկոլոգ Աննա Խաչիկյանի ֆեյսբուքյան էջ