Ինչու՞ կինը չի կարողանում հղիանալ․ պատճառներին անդրադառնում է գինեկոլոգը

Վերարտադրողական փուլ

Շատ հաճախ նոր ամուսնացած կանայք ամուսնությունից մի քանի ամիս անց սկսում են անհանգստանալ և փորձել գտնել չհղիանալու պատճառները:

Նրանք անհանգստանալուց առաջ պետք է իմանան, որ հղիանալու համար անհրաժեշտ է ունենալ կանոնավոր սեռական հարաբերություն՝ առանց հակաբեղմնավորիչների օգտագործման։ Եվ որ ամենակարևորն է՝ դա պետք է տեղի ունենա օվուլյացիայի օրերին:

Մնացած դեպքերում կանանց հղիության բացակայությունն ունի զանազան պատճառներ: Տարածված պատճառներից կարող են լինել հոգեբանական խնդիրները: Կանայք, օրինակ, լսելով՝ «Պոլիկիստոզ կամ այլ խնդիր ունես, միգուցե երեխա չունենաս» արտահայտությունը, մտածմունքների մեջ են ընկնում, ինչն էլ դառնում է խրոնիկական սթրեսի աղբյուր և իրական հղիության բացակայության պատճառ:

Մոտ 30% դեպքերում իգական սեռի մոտ հղիության բացակայությունը պայմանավորված է էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարմամբ։ Այս տեսակի անպտղության հիմնական ախտանիշը օվուլյացիայի մշտական ​​բացակայությունն է կամ անկանոնությունը։ Հորմոնալ համակարգի աշխատանքի խանգարումների հետևանքով ձախողվում է ձվաբջջի հասունացումը ու դրա՝ ֆոլիկուլից ազատումը։ Տվյալ խանգարման աղբյուր կարող է լինել կենտրոնական նյարդային համակարգի, վահանաձև գեղձի և մակերիկամների պաթոլոգիան։

Հաջորդ պատճառն արգանդափողերի անանցելիությունն է։ Դրան կարող են բերել կոնքի բորբոքային հիվանդությունները, էնդոմետրիոզը, աբորտը։ Արգանդի ոչ նորմալ դիրքը, զարգացման տարբեր արատները, ադենոմիոզը, արգանդի միոման, արգանդի վզիկի պաթոլոգիան, իմունային համակարգի խանգարումները ևս կարող են խոչընդոտել հղիացման պրոցեսին։

Հղիության երկարատև բացակայության պարագայում  անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պատճառները բացահայտելու և ճիշտ բուժում ստանալու համար:

 

Աղբյուրը՝ գինեկոլոգ Աննա Խաչիկյանի ֆեյսբուքյան էջ