Վաղաժամ սերմնաժայթքում․ ի՞նչ խնդիր է սա և ինչպե՞ս բուժել

Վերարտադրողական փուլ

Տղամարդը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ, քան ցանկանում են զույգերը:

Տվյալ խնդիրը հաճախ է հանդիպում և կոչվում է վաղաժամ սերմնաժայթքում: «Արտահայտված տարբերակի դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև առնանդամի ներհրումը, ինչն անհնարին է դարձնում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլև անպտղության պատճառ հանդիսանում: Դա կարող է խոչընդոտել զույգերին հոգեսեքսուալ բավարարության ստանալ, որը կարող է տղամարդու մոտ արտահայտված տագնապային մտավախություն առաջացնել՝ բերելով էրեկտիլ դիսֆունկցիայի՝ սեռական թուլության ձևավորման»,- նշում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է պայմանավորված լինել ֆունկցիոնալ և օրգանական պատճառներով, ոչ ռեգուլյար սեռական կյանքով (երկարատև սեռական ձեռնպահություններ): Դերակատարում ունեցող օրգանական պատճառներ են շագանակագեղձի, միզուղիների, առնանդամի գլխիկի բորբոքային գործընթացները: Վաղաժամ սերմնաժայթքման հակված են հատկապես այն անձինք, որոնք ունեն տագնապային, անհանգիստ, հուզական և անկայուն բնավորություն: Ամեն դեպքում, պետք չէ հուսահատվել և ձեռքերը ծալած նստել: Վաղաժամ սերմնաժայթքումը բարձր արդյունավետությամբ բուժվում է, կիրառվում են համալիր ժամանակակից, դեղորայքային և ֆունկցիոնալ վարքային մեթոդներ: