Սեռական հարաբերության անհաջող փորձեր և ցավ․ ի՞նչ է վագինիզմը և ինչու՞ է առաջանում

Վերարտադրողական փուլ

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Զուգընկերը չի կարողանում ներթափանցել հեշտոց, կրկնվող փորձերն առաջ են բերում ցավի և անհարմարության ուժգին զգացում: Սա վագինիզմի պատկերն է: Վագինիզմը հեշտոցի մուտքը շրջապատող մկանների ակամա ջղակծկումն է սեռական հարաբերության փորձի ժամանակ: Մկանների կծկման արդյունքում սպազմը անհնար է դարձնում սեռական հարաբերությունը, առաջանում է ուժեղ ցավ։ Կնոջ համար դժվար է դառնում ամուսնուն «ընդունել», նա պարզապես չի կարող վերահսկել այս գործընթացը, իսկ տղամարդը կանգնած է «աղյուսե պատի» առջև, որը չի կարողանում հաղթահարել:

Տվյալ հիվանդությամբ տառապող կանանց հաճախ բնորոշ են անհանգստությունը, մեկուսացումը, լարվածությունն, ինչպես նաև տարաձայնությունները զուգընկերոջ հետ։ Կանայք բողոքում են, որ չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ սեքսն աներևակայելի ցավոտ և գործնականում անհնար է։ Վագինիզմ ունեցողները թեև սեռապես զգայուն են, բայց հնարավորություն չունեն սեռական կյանք վարել:

Վագինիզմի զարգացմանը նպաստող գործոններ են սեռական բռնությունը կամ դրա փորձը, սեռական հարաբերություն ունենալու առաջին փորձերի ժամանակ սուր ցավի զգացումը, ընտանիքում խիստ դաստիարակությունը, սեռական վախերը, նախկին հոգեկան տրավմաները և այլ պատճառներ: Այնուամենայնիվ, վագինիզմը լիարժեք և անմնացորդ բուժվող սեքսոլոգիական խնդիր է: