Ինչպե՞ս որոշել ապագա երեխայի սեռը․ ոչ գիտական մեթոդներ

Վերարտադրողական փուլ

Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է: Այս մեթոդի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ:

Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի: Ասում են՝ ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ստացվում է՝ ծնողներից որի արյունն ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդի դեպքում կան որոշակի բացառություններ.  եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, հղիության արհեստական ընդհատում, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ մեկ այլ մեթոդ, ըստ որի՝ զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերին: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է: Այս տեսության հիմքը հետևյալն է՝ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին՝ բեղմնավորելով աղջիկ երեխա:

Նշված մեթոդներից բացի, կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ այն ամիսը, որի ընթացքում պետք է տեղի ունենա բեղմնավորումը: Օրինակ՝ կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը՝ սեպտեմբերը: Այս բոլոր թվերն անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Եթե գումարման արդյունքում զույգ թիվ ստացվի, ապա, ասում են, աղջիկ կծնվի, իսկ եթե կենտ թիվ ՝ տղա:


Շատ հաճախ երեխայի սեռը որոշում են նաև կնոջ տեսով։

 

Հղի կնոջ արտաքին տեսքը


Ասում են՝ տղա երեխայի սպասելիս կնոջ դեմքի մաշկի որակն ակնհայտ լավանում է: Շատ նիհար կանայք առողջ տեսք են ստանում: Բացի այդ, բարելավվում է մազերի որակը, դրանք դառնում են ավելի ամուր, առողջ ու փայլուն, ավելի հաստ ու մուգ: 


Փորի ձևը


Տղա երեխայի դեպքում հղի կնոջ փորն, ասում են, ունենում է հստակ և ուռուցիկ ձև: Այն կտրուկ առաջ է գալիս այնպես, որ հետևից ընդհանրապես չի երևում: Բացատրում են, թե տղա երեխան արգանդում նույն դիրքով չի լինում, ինչ աղջիկ երեխան:


Տոքսիկոզ


Ասում են՝ տղա երեխայի դեպքում տոքսիկոզը կարող է լինել շատ թույլ արտահայտված ու կարճատև և նույնիսկ չանհանգստացնել ապագա մայրիկին:


Սննդային նախասիրությունները


Եթե հղիության ընթացքում կինն անընդհատ քաղց է զգում և ոչ մի կերպ չի կարողանում հագենալ, ապա, ամենայն հավանականությամբ, նա տղա երեխա կունենա: 


«Առաջատար կողմը»


Ասում են՝ կնոջ առօրյա սովորությունների փոփոխությունները նույնպես կարող են հուշել երեխայի սեռը: Հարկավոր է ուշադրություն դարձնել՝ ինչպես է կինը շարժվում, մարմնի որ կողմն է ավելի շատ օգտագործում, որ ձեռքով է բռնում հեռախոսը կամ հեռակառավարման վահանակը կամ որ կողմով է շրջվում որևէ մեկի հետ խոսելիս: Այլ կերպ ասած` անհրաժեշտ է որոշել նրա «առաջատար կողմը»: Եթե կինն ավելի շատ հակված է մարմնի աջ կողմին, ապա, ասում են, շուտով տղա զավակ կունենա, իսկ եթե ձախ կողմը՝ աղջիկ:


Պտղի պահվածքը


Սա նույնպես կապված է կնոջ «առաջատար կողմի» հետ: Հարկավոր է հետևել երեխայի պահվածքին ու շարժումներին և ուշադրություն դարձնել, թե փորի որ հատվածում է ամենից շատ ակտիվություն նկատվում: Ասում են՝ տղա երեխաներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում փորի աջ հատվածում, ուստի նման նշանների դեպքում կարելի է կարծել, որ կինը տղա երեխայի է սպասում:


Տրամադրությունը


Ասում են՝ ըղա երեխա սպասող կանայք բավական ակտիվ և էներգիայով լի են և անընդհատ ունենում են որևէ բանով զբաղվելու անհագ ցանկություն: Այս հղիներին բնորոշ չէ ցրվածությունն ու պասիվությունը:


Ուշադրություն՝ վերոնշյալ մեթոդներից և ոչ մեկը չունեն գիտական հիմնավորում։