Միոման և հղիությունը

Վերարտադրողական փուլ

Միոմա ախտորոշմամբ կանանց մեծ մասն իսկույն խուճապի է մատնվում, ու անվերջ հարցեր են ծագում, այդ թվում `«կկարողանա՞մ, արդյոք այդ ախորոշմամբ հղիանալ» կամ «առողջ երեխա լույս աշխարհ կբերե՞մ»: Թեմային անդրադարձել է ankakh.com-ը:

Հիվանդության առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն: Միոման

Միոմա ախտորոշմամբ կանանց մեծ մասն իսկույն խուճապի է մատնվում, ու անվերջ հարցեր են ծագում, այդ թվում `«կկարողանա՞մ, արդյոք այդ ախորոշմամբ հղիանալ» կամ «առողջ երեխա լույս աշխարհ կբերե՞մ»: Թեմային անդրադարձել է ankakh.com-ը:

Հիվանդության առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն: Միոման

հիմնականում մի քանի հանգույցներ է ունենում, որոնք կարող են արգանդի տարբեր հատվածներում  ու շերտերում լինել, տարբեր արագությամբ աճել ու տարբեր չափսեր ունենալ: Միոման արգանդի մկանային պատին առաջացած բարորակ նորագոյացություն է ` հարթմկանային թելիկներից անկանոն միահյուսված  ձիգ ու կլորավուն հանգույցի տեսքով, որի չափսերը կարող են մի քանի մմ-ից մինչև 20-25 սմ-ի հասնել: Ամենահաճախ հանդիպող պատճառներից է  իգական հորմոնալ խանգարումը, ինչը հանգեցնում է մկանային հյուսվածքի գերաճի (հանգույցների գոյացման ու մեծացման):

 

Միոմաների առաջացմանը նպաստում են.

- հղիության ընդհատումները  (աբորտ),

- դաշտանային ցիկլի խանգարումը,

- ադենոմիոզը,

- հորմոնալ խանգարումները,

- սիրտ-անոթային տարբեր հիվանդությունները,

- անեմիան (սակավարյունություն),

- ժառանգական նախատրամադրվածությունը,

- սակավաշարժ կենսակերպը, որ հանգեցնում է լճացման սեռական օրգաններում, ինչը նույնպես վատթարացնում է  վիճակը. նման պայմաններում միոման արագ է զարգանում,

- նպաստող հիվանդություններ են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, նյութափոխանակության խանգարումը, վահանաձև գեղձի խնդիրը:

Թվարկվածներից մեկն ու մեկը հայտնաբերելու դեպքում արդեն պետք է զգուշանալ: Ցավոք, ախտանշանները հստակ չեն լինում  ու հաճախ շփոթվում են այլ հիվանդությունների հետ: Միոմայի դեպքում կարող է առատ արյունահոսությամբ դաշտան լինել: Ցավը, դաշտանի անկանոն շրջափուլը, սեռական մերձեցման ընթացքում  կամ հետո արյունոտ արտադրությունը, հղիանալու խնդիրը կամ հղիության վաղաժամ ընդհատումը ևս  կարող են միոմայի առկայության մասին վկայել: Ընդ որում, եթե այդ գոյացության չափերը մեծ են, ապա այն սեղմում է միզապարկն ու աղիքները`  հաճախակի միզազատման ու փորկապության պատճառ դառնալով: Իսկ հիմնականում, երբեմն անգամ մեծ չափերով հանգույցների դեպքում միոման առանց ախտանշանի է զարգանում: Նման գոյացությունը հայտնաբերվում է միայն ուլտրաձայնային  կամ գինեկոլոգիական հետազոտությամբ: Հնարավոր է հայտնաբերել նաև համակարգչային  կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ:

Ի գիտություն. նշված բոլոր մեթոդներն անցավ են: Համենայն դեպս, միշտ էլ ճիշտ է համարվել կանոնավոր կանխարգելիչ հետազոտության ենթարկվելը.   չէ՞ որ մեծ միոման առաջանում է փոքրիկ  հանգույցից:

Վտանգը

Եթե միոման  չբուժվի, բարորակ գոյացությունից  կարող է  վերածվել չարորակի (քաղցկեղ). հավանականությունը մեծ չէ, այնուամենայնիվ վտանգ կա;  Այդ դեպքում այն շատ արագ է սկսում աճել:

Նվազ վտանգավոր են համարվում միոմայի հետևանքով առաջացող բարդությունները, ինչպիսիք են անեմիան (սակավարյունություն)` կապված առատ արյունահոսությամբ  դաշտանի հետ, և անպտղությունը:  Կանանց համար այդ վիճակից ողբերգական ելք է  արգանդի հեռացումը:

Միոմայի բուժումը

Բուժան միջոցներն ընտրվում են` ելնելով  միոմայի չափսերից ու աճից, ինչպես նաև հիվանդի տարիքից: Մի քանի բուժման մեթոդ գոյություն ունի: Եթե հանգույցը մեծ է, ապա բժիշկը վիրահատական բուժում է նշանակում կամ միոմայի աճն ու չափսերը նվազեցնելուն ուղղված  դեղորայքային թերապիա :

Մի մոռացեք, որ անգամ ամենաաննշան թվացող հանգույցը չի կարելի է  աչքաթող անել, քանի որ այն կարող է  մեծանալ, ու  միայն վիրահատությամբ հնարավոր կլինի ազատվել այդ գլխացավանքից: Իսկ եթե վիրահատությունը տվյալ դեպքում ցուցված է, ապա  պետք է հիշել, որ միոմայի որոշ հանգույցների հեռացումը խնդրից վերջնականապես ազատում չի նշանակում, երաշխիք չկա , որ դրանք նորից ու կրկին չեն աճի: Ուստի, հետվիրահատական շրջանում   վերականգնողական ու առողջությունը պաշտպանող համապատասխան թերապիա է նշանակվում:

Կոնսերվատիվ բուժման մեթոդի դեպքում հորմոնալ դեղամիջոցներ են օգտագործվում: Եթե միոման 0,5 սմ-ը չի գերազանցում, ապա  հիվանդին  դեղորայքային բուժում է նշանակվում, որը միոմայի աճը դադարեցնելու դեմ է: Չնայած միոմայի բուժման նպատակով գործածվող հորմոնալ միջոցների տարածվածությանը` պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք կողմնակի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա ու կիրառման սահմանափակումներ ունեն:

Կանխագելման նպատակով լավագույն միջոցը սեփական առողջության մասին հոգատարությունն է ու   պարբերաբար, մասնագետի հետ խորհրդակցելը: Մինչ  «ինչպես պետք է բուժել միոման» հարցի պատասխանը ստանալը հոգ տարեք առողջության մասին:  Ուշադիր եղեք, եթե  ինչ-որ բան այնպես չէ:

Համաշխարհային գրականության մեջ հիշատակություն կա երբևիցե հայտնաբերված ամենամեծ միոմային հանգույցի մասին, որը 63 կգ էր կշռում:

Միոման կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքն է. տարբեր գնահատումների համաձայն` յուրաքանչյուր 2-րդ կամ 4-րդ կնոջ արգանդում միոմա է գոյանում: Մինչ սեռահասունացման շրջանը միոմա  չի առաջանում, իսկ երիտասարդ կանանց մոտ համեմատաբար քիչ է հանդիպում արգանդի  այս խնդիրը:  35-40 տարեկանից հետո միոմայով հիվանդանալու հավանականությունը կրկնապատկվում է: Կարծիք կա, որ հարավի ժողովուրդների, ասենք` կովկասցիների մոտ  միոմայով հիվանդանալու  հավանականությունը մեծ է:

Ամենահաճախ հանդիպող ախտանշաններն են առատ արյունահոսությունը դաշտանի ժամանակ,  նոպայանման ցավն ու ճնշման զգացումը փորի ստորին հատվածում: Դաշտանն ուղեկցվում է  արյան մակարդուկներով արտազատումներով, ինչն էլ անեմիայի առաջացման պատճառ է, չհաշված նաև մեջքի ու ոտքերի ցավն ու տհաճ զգացումը սեռական մերձեցման ժամանակ: Միզապարկի սեղմումը հանգեցնում է հաճախակի միզարտադրության: Իսկ եթե դրանից ճնշվում է նաև աղիքային տրակտը` հանգեցնելով փորկապության, ապա քաշի ավելացում է առաջանում: Սովորաբար, թվարկված  ախտանշանները դաշտանադադարի հետ ուժգնանում են, երբ իգական սեռական հորմոնի` էսթրոգենի մակարդակն արյան մեջ խիստ նվազում է:

Միոմայի ախտանշաններից առաջինն ու ամենակարևորը դաշտանի տևական ընթացքն է: Միոման ամենևին էլ անպտղության պատճառ չի կարող դառնալ, սակայն կարող է դժվարացնել հղիացումը: Բանն այն է, որ այդ գոյացությունը կարող է այնպես տեղակայվել, որ   դժվարացնի սերմնահեղուկի շարժն ու նույնիսկ ձվազատման խանգարման հանգեցնի: Միոման հատկապես հղիության իմաստով վտանգավոր է, քանի որ ընկերքի մոտ գոյանալով` կարող է  պտղին մատակարարվող  թթվածնի ու սննդի քանակը նվազեցնել:

Բժիշկների մի մասն այն կարծիքին է, որ  հղիությունը նպաստում է միոմայի չափսերի մեծացմանը, մյուս մասն էլ կարծում է, որ իրականում ոչ թե միոման է մեծանում, այլ արգանդը, և միոման վանգավոր չէ ո՛չ մոր, ո՛չ էլ երեխայի համար: Վտանգավոր է, եթե այն սկսի քայքայվել, ինչն ուղեկցվում է հյուսվածքների  մեռուկացմամբ ու նույնիսկ արյունահոսությամբ: Ու ամենավտանգավորն այն է, որ միոման կարող է քայքայվել ցանկացած պահի, հղիության բոլոր ժամկետներում:

Վիճակագրության համաձայն` մասնագետները միոմա են հայտնաբերում հիմնականում հղիների մոտ, քանի որ հղիության ընթացքում է, որ կինը դիմում է բժշկի: Այսինքն` քանի դեռ ոչինչ չի անհանգստացնում, բժշկի դիմելու անհրաժեշտություն էլ չկա: Բացի այդ, այսօր ավելի ու ավելի շատ կանայք են ծննդաբերում 30-ից հետո, իսկ դա նշանակում է  հորմոնալ առաջին խանգարումների տարիք:

Միոման հղիությունն ընդհատելու պատճառ չէ, սակայն մշտական հսկողության տակ լինելու ծանրակշիռ հանգամանք է: Կանանց մեծ մասի մոտ միոմայի առկայությունը չի խանգարում  հղիության  առանց բարդությունների, նորմալ ընթացքին: Իհարկե, եթե այն մեծ չափերի չի հասնում:

Հղիության երկրորդ եռամսյակում ու վերջում միոման փոքրիկի զբաղեցրած տեղը փաստորեն նեղացնում է, ու վաղաժամ ծննդաբերության վտանգը դրանով մեծանում է: Որքան մեծ է միոման, այնքան վտանգը մեծանում է, իսկ եթե այն շատ մեծ է, ապա  կարող է պտղի աճը խոչընդոտել: Դրա հետևանքով հնարավոր է` ձևախեղված գանգով երեխա լույս աշխարհ գա, կամ փոքրիկը շատ պստլիկ լինի:

Հղիության ընթացքում միոմայի բուժումը միտված է դրա աճն արգելակելուն: Մինչ ծննդաբերությունը կիրառվում են երկաթով ու սպիտակուցներով հարուստ սննդակարգեր ու վիտամիններ, իսկ ծննդաբերությունից հետո հորմոնային բուժում է նշանակվում:

Միոմա ունեցող հղիների մոտ բժիշկները նկատում են ծննդաբերության ընթացքի  ձգձգում: Չի բացառվում, որ բժիշկը հղիին կեսարյան հատում առաջարկի: Իրականում միոման չի խանգարում ծննդուղիներով պտղի անցմանը, սակայն կարող է  պտղի ոչ նորմալ դիրքի հանգեցնել:

Աղբյուրը`Ankakh.com