Սթրեսը և անպտղությունը փոխկապակցվա՞ծ են․ մանրամասնում է սեքսապաթոլոգը

Անպտղություն

Ներկայացնում է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:  

Բարձր սթրեսային իրավիճակ, տագնապ, դեպրեսիա, էմոցիոնալ ընկճվածություն․ սրանք դարձել են ներկա ժամանաշրջանի անբաժան մասնիկները և ուղղակիորեն ազդում են պտղաբերության վրա:

Ինչպե՞ս: Սթրեսի պարագայում բարձրանում է գոնադոտրոպինն ընկճող հորմոնի մակարդակը, ինչը հանգեցնում է ռեպրոդուկտիվ ունակության նվազեցման: Հորմոնի բացասական ազդեցությունը երկար ժամանակ շարունակվում է նույնիսկ սթրեսի ավարտվելուց հետո, իսկ ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր հանգիստ վիճակը շատ մեծ դեր ունի:

Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում առաջ է բերում սերմառաջացման գործընթացի խանգարում և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների: Տուժում է նաև սեռական ֆունկցիան, երբեմն էլ խաթարվում են դրա բոլոր դրսևորումները՝ էրեկցիա, էյակուլյացիա, սեռական ցանկություն: Կանանց օրգանիզմում խանգարվում է դաշտանային ցիկլի հորմոնալ կարգավորումը, որը կարող է բերել ձվազատման արգելակման, խոչընդոտել արգանդում սաղմի ներդրմանը: Սթրեսը պատճառ է հանդիսանում արգանդի գերտոնուսի և արգանդափողերի սպազմի, որը ռեպրոդուկտիվ համակարգի խիստ բացասական հետևանքներ կարող է ծնել: Դրան զուգահեռ խափանվում են նյութափոխանակությունը, մարսողությունը, նյարդային համակարգի գործունեությունը, արձանագրվում է էմոցիանալ հյուծվածություն:

Սթրեսի ազդեցությունն օրգանիզմի վրա կարելի է կրճատել: Այդ առումով խորհուրդ է տրվում հաճախակի զբոսնել մաքուր օդում, շփվել ձեզ համար հաճելի մարդկանց հետ, ապահովել ֆիզիկական ակտիվություն, հաճախել լողի, օգտագործել որոշ բուսական հանգստացնող թուրմեր, կատարել ինքնամարզում ու մեդիտացիա,  հնարավորինս խուսափել բացասական ինֆորմացիայից և ունենալ առողջ ու բալանսավորված սննդակարգ:

  

Աղբյուրը՝  Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ