Բարի լուր. Երևանում բեղմնավորման բնական ճանապարհով եռյակ է լույս աշխարհ եկել

Հաջողության պատմություններ

Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ լույս աշխարհ բերելը այսօր բացառիկ երևույթ է:

2019 թ. ապրիլի 2-ին «Շենգավիթ» ԲԿ-ում, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, եռյակ ծնվեց՝ երկու աղջիկ, մեկ տղա՝ 2050, 2045 և 1950  գրամ կշռով: Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան Գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը, մեկ տարվա անպտղությունից հետո դիմել էր Շենգավիթ ԲԿ, որտեղ էլ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ, բուժման որոշակի փուլ անցնելուց հետո կարողացավ լույս աշխարհ բերել միանգամից երեք երեխայի:

Երեխաների մայրն ասում է՝ եռյակի մասին ուրախալի լուրը անակնկալ էր թե՛ իր ու ամուսնու, թե՛ բոլորի համար:

Հղիության ամբողջ ընթացքը 25-ամյա կինը գտնվել է կենտրոնի և բժշկուհի անմիջական հսկողության ներքո, իսկ արդեն հղիության 34-35 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում:

Երեխաները գտնվում են  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ստանալով համապատասխան բուժման կուրս:

Այս պահին թե՛ մայրիկի և թե՛ փոքրիկների վիճակը բավարար է: