Ես Սոնան եմ: Մեկն, ով 2017թ. հոկտեմբերի 30-ին Շենգավիթ ԲԿ-ում երկրորդ կյանք ստացավ՝ բժիշկ Աշոտ Սիրունյանի շնորհիվ:
33 տարեկան եմ: Դեռ չզգալով մայրական բերկրանքը՝ կանգնեցի մի շարք խնդիրների ու բազմաթիվ բարդ վիրահատությունների առջև: Բախելով շատ բժիշկների դռներ՝ հասկանում էի, որ օր օրի մայր դառնալու երազանքս մարում է: Հետազոտությունների ընթացքում բժիշկների արձագանքներից պարզ էր դառնում, որ գրեթե հնարավոր չէ որևէ լավ արդյունքի սպասել (եղան նաև բժիշկներ, որոնք ընդհանրապես հրաժարվեցին վիրահատել ինձ, քանի որ ինձ մոտ առկա խնդիրները շատ էին՝ մեկը մեկից բարդ):
Վերջապես հայտնվեցի Շենգավիթ ԲԿ-ում: Վստահ լինելով, որ նույն պատասխանն եմ ստանալու, հուսահատված, կոտրված երազանքներով ու իմ կյանքն այլևս անիմաստ համարելով՝ կանգնած էի Աշոտ Սիրունյանի դռան մոտ, ով էլ ձեռք մեկնեց ինձ: Նայելով անսահման բարի աչքերին ու զգալով իր հրաշագործ ձեռքերի ջերմությունը՝ ինքս ինձ ասացի. «Ես գտա Ձեզ»: Աննկարագրելի ուժ զգացի թիկունքիս հետևում ու մի րոպեում հօդս ցնդեցին ամիսների կրած վախերս, տառապանքներս ու բժիշկների ասած ամեն մի կործանիչ բառը: Ու այդ օրվանից սկսվեց իմ նոր կյանքի ճանապարհը: Արցունքներիս փոխարինեցին վստահության, աննկարագրելի երախտագիտության զգացումները:
Իմ հրաշալի Գայանե Հովիկովնա, Ձեզ հետ ծանոթանալու առաջին իսկ պահից ինձ ստիպեցիք հասկանալ, որ Դուք լիովին արժանի եք լինել Աշոտ Սիրունյանի փրկարար թիմակիցը: Այս բարդ ճանապարհին Դուք Ձեր պատրաստակամությամբ, Ձեր մասնագիտական որակներով, ջերմությամբ, բարությամբ, հոգատարությամբ ուղղորդում էիք ինձ այս բարդ ճանապարհին: Իմ սիրելի բժշկուհի, հիանում եմ ձեզնով և լավագույնն եմ մաղթում Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի ընթացքում:
Ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ուղղել պարոն Աշոտ Ամրոյանին: Անչափ շնորհակալ եմ Ձեզ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական հեռատեսության համար, որի շնորհիվ Դուք պաշտպանեցիք ինձ վիրահատության ժամանակ սպառնացող վտանգից, որը նախապես կանխատեսել էիք: Շնորհակալ եմ ինձ ժպիտով արթնացնելու համար:
Շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին իմ մասին հոգ տանելու համար: Շնորհակալ եմ այն բոլոր գեղեցկուհիներին, ովքեր, մտնելով իմ հիվանդասենյակ, իրենց անկեղծ, բարի ու անուշիկ ժպիտներով ու մի բարի խոսքով թեթևացրել են վիճակս ու առողջություն մաղթել ինձ: Շնորհակալ եմ նաև համեղ ապուրների համար:
Հ.Գ. Աշոտ Սիրունյան, իմ սիրելի բժիշկներ, շարունակեք կատարել ձեր սրբազան գործը, երկրորդ ծնունդ տվեք հազարավոր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն, իր մաքրամաքուր լույսով, կստեղծի մի տիեզերք, որի կենտրոնում Դուք եք լինելու: Ինձ նման կանանց պարգևեք մայրական այդ բաղձալի ու սպասված բերկրանքը:
Ձեր պրոֆեսիոնալիզմով, փորձով ու մեծ նվիրումով վերականգնում եք մեր կորցրած հույսերը, մեր հուսահատված հոգու մոխիրներում տնկում եք նոր կյանքի նոր ծառը: Իսկ մենք էլ մեր աղոթքներում խնդրում ենք Աստծուն՝ լուսավոր պահի Ձեր ճանապարհը:
Չնայած շնորհակալություն բառը ջ չի կարող ներառել իմ սրտի ամբողջ գոհունակությունը, այնուամենայնիվ՝ Շնորհակալություն….