Որո՞նք են վիժման նշանները և ի՞նչ է պետք անել դրանք նկատելիս

Հղիություն

Հղի կինը զգում է ցավ որովայնի ստորին՝ աճուկային և գոտկային շրջաններում, այնուհետև նշմարում արյունային արտադրություն սեռական օրգաններից։ Վերջինս սկզբում շագանակագույն է, ապա հետզհետե վերածվում է ալ կարմիր, քսվող բնույթի արյան և քանակապես շատանում։

Մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը շեշտում է, որ տվյալ նշանները ոչ մի դեպքում անտեսել չի կարելի, քանի որ դրանք կարող են հուշել վիժման մասին։ Պատահում է՝ կանայք մտածում են, որ արյան հետքերի հայտնվելը կապված է դաշտանի հետ։ Սա միանգամայն սխալ մտածելակերպ է։ Արյունային արտադրության և ցավերի ակտիվ ընթացքի պարագայում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։ Բուժհաստատությունում  առաջին հերթին կկատարվի ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի պարզ դառնա՝ հղիությունը զարգանու՞մ է, թե՞ ոչ։ «Եթե կնոջ մոտ առկա է վիժման սկսվող կամ սպառնացող տեսակը, ապա հղիությունը պահպանելու հնարավորություն կա։ Ցավոք, նույնը չենք կարող ասել  ընթացքի մեջ գտնվող վիժման մասին։ Աուտոիմուն, ինֆեկցիոն, հորմոնալ խնդիրները, արգանդի պարանոցի անբավարարությունը, տարբեր անատոմիական առանձնահատկություններն են հանգեցնում վիժման։ Քրոմոսոմային խաթարումները ևս վտանգավոր են ու մեծամասամբ վիժում են առաջացնում մինչև 12 շաբաթական ժամկետը»,- նշում է նա։

Նկատենք, որ վիժումը հղիության ինքնաբուխ ընդհատումն է մինչև 22 շաբաթական ժամկետը, երբ  պտղի քաշը չի գերազանցում 500-800 գրամը։ Ըստ մասնագետի՝ վիժումից կարճ ժամանակ անց կարելի է հղիանալ, եթե վիժման պատճառը հայտնաբերված է։ Բայց եթե պատճառն անհայտ է մնացել, ապա միանգամից հղիության գնալը կարող է ռիսկային լինել։ Անհրաժեշտ է գրագետ ձևով պլանավորել երկրորդ հղիությունը, անցնել որոշակի հետազոտություններ։ Առողջ  ապրելակերպն իր հերթին կնպաստի վիժման հավանականության նվազեցմանը։ Անձից պահանջվում է ծխախոտ և խմիչք չօգտագործել, ալկոհոլի օգտագործումը հասցնել նվազագույնի, բացառել թմրանյութերի գործածումը, զբաղվել սպորտով, ճիշտ սննդակարգ կիրառել, և որ պակաս կարևոր չէ՝ ունենալ մեկ սեռական զուգընկեր, քանի որ դա իջեցնում է ինֆեկցիաներ ձեռք բերելու հավանականությունը։

Հարկ է ընդգծել՝ գտնվում են կանայք, որոնք, հաշվի չառնելով շատ հանգամանքներ, փորձում են տնային պայմաններում արհեստականորեն վիժում առաջացնել՝ մեծ չափաբաժնով դեղորայքի օգնությամբ։ Այս երևույթը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ թերի վիժում, արյունահոսություն, ինֆեկցում և այլն։ Հղիության դեղորայքային ընդհատումն արվում է միայն բժշկի վերահսկողության ներքո, սոնոգրաֆիա կատարելուց հետո  նշանակվում է դեղերի օգտագործման հստակ սխեման։ 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան