Ե՞րբ են ի հայտ գալիս հղիության նշանները և ինչպե՞ս են դրսևորվում

Հղիություն

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Գրիգորյանի հետ: 

Երբ կինը պլանավորում է հղիություն, անհամբերությամբ է սպասում հղիության փաստացի արձանագրմանը։ Տարբերակում են հղիության նշանների երեք տեսակ՝ կասկածելի, հավանական և հավաստի։ Կասկածելի նշանները հիմնականում ներառում են կնոջ սուբյեկտիվ զգացողությունները՝ ընդհանուր թուլություն, համի և հոտի զգացողության փոփոխություններ, ախորժակի խանգարում, քնկոտություն։ Հավանական նշանները դաշտանի ուշացումն են, կրծքերի չափսի մեծացումը, կրծքագեղձերում դիսկոմֆորտի զգացողությունը, արյան մեջ խորիոնային գոնադոտրոպին հորմոնի քանակի բարձրացումը։ Դե իսկ հավաստին այն դեպքն է, երբ կատարվում է փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, հղիության առկայությունը հաստատվում է։

Նշանները կարող են ի հայտ գալ բեղմնավորումից 2-8 շաբաթ անց, և հնարավոր է՝ սրտխառնոց, գլխապտույտ չդիտվեն, քանի որ այսպիսի գանգատները սուբյեկտիվ են, կարող են մի հղիի դեպքում արտահայտվել, մյուսի դեպքում՝ ոչ։ 

Հղիությունը հաստատելու համար ամենից հաճախ կիրառվող և մատչելի տարբերակը հղիության թեստն է։ Որոշ կանայք չեն էլ սպասում դաշտանի ուշացմանը և միանգամից օգտագործում են։ Խորհուրդ է տրվում չշտապել, թեստը կիրառել դաշտանի ուշացումից հետո և գնել երկուսը։ Գուցե առաջին թեստի դեպքում կիրառման թերություններ դիտվեն, երկրորդի ժամանակ արդեն կինն առավել հմուտ կօգտագործի և կունենանք ճիշտ արդյունք։ Հղիության ամենավաղ նշանն արտադրվող խորիոնային գոնադոտրոպինն է, որն անցնում է ինչպես կնոջ արյան, այնպես էլ մեզի մեջ։ Մեզի մեջ դրա քանակությունը բարձրանում է բեղմնավորումից հետո մոտ 8-10 օր անց, իսկ արյան մեջ՝ 7։ Հենց այս հորմոնի նկատմամբ է թեստը զգայուն լինում և դրական՝ երկու գիծ ցույց տալիս։

Համացանցից կամ ծանոթ մարդկանցից կարելի է իմանալ  հղիության հաստատման զանազան տնային տարբերակներ։ Օրինակ՝ առավոտյան մեզի մեջ սոդա լցնել ու հետևել ռեակցիային, պղպջակների առաջացումը կվկայի միայն հղի չլինելու մասին։ Այսպիսի մեթոդներին վստահել  պետք չէ, ավելի լավ կլինի դիմել հղիության թեստի օգնությանը, ինչը հեշտ է և ճշգրիտ։ Եթե թեստը ցույց է տալիս դրական, կինը պետք է արդեն դիմի գինեկոլոգի։ Եթե նույնիսկ բացասական է ցույց տալիս, բայց կա դաշտանի ուշացում, կրկին լավ կլինի դիմել գինեկոլոգի խորհրդատվության։ Կոնկրետ հղիության մասին իմանալուց և մասնագետին դիմելուց հետո իրականացվում է փոքր կոնքի սոնոգրաֆիա։ Եթե թեստը դրական է ցույց տվել, բայց սոնոգրաֆիայի ժամանակ դեռ պտղաձուն չի երևում արգանդի խոռոչում, ապա մեկ շաբաթ անց հարկավոր է կրկնել սոնոգրաֆիկ հետազոտությունը։

Ընդհանրապես հղիության ընթացքում կնոջ մոտ լինում են և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական փոփոխություններ։ Կինը դառնում է առավել դյուրագրգիռ և զգայուն։ Հարկավոր է նկատել, որ երբ հղի կնոջ կյանքում լինում են սթրեսային իրավիճակներ, ապա կարող են ի հայտ գալ որոշակի խնդիրներ թե՛ իր մոտ, թե՛ պտղի։ Դրանք կարող են նպաստել վիժման, վաղաժամ ծննդաբերման, երեխան հետագայում կարող է լինել առավել նյարդային։ Նույնիսկ ապացուցողական բժշկությունը փաստում է՝ 32 շաբաթականից հետո կնոջ տարած ուժեղ սթրեսը կարող է նպաստել հետագայում երեխայի մոտ աուտիզմի զարգացմանը։ Հղին պետք է հնարավորինս լինի դրական էմոցիաներով լի և հագեցած օր ունենա, լսի լավ երաժշտություն, կատարի սիրելի աշխատանք, լավ հույզեր ստանա ու փոխանցի, լիարժեք հանգստանա, գիտակցաբար մոտենա այս ամենին։  

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան