Ինչու՞ է կինը վախենում ծննդաբերությունից և ինչպե՞ս հաղթահարի բացասական մտքերը

Նախածննդյան շրջան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

Ինչու՞ է որոշ կանանց մոտ վախ ձևավորվում ծննդաբերության նկատմամբ։

Տոկոֆոբիա կոչվող այդ վախի պատճառները հիմնվում են կնոջ` ծննդաբերության մասին ունեցած այնպիսի պատկերացումների վրա, ինչպիսիք են՝ «ծննդաբերությունը ցավոտ գործընթաց է», «հետծննդաբերական պրոցեսը դժվար է»: Նմանատիպ ընկալումների զարգացմանը նպաստում են աղջկա լսած կամ տեսած օրինակները: Անձի տագնապային տեսակը տվյալ օրինակները չի կարողանում տարանջատել իրենից, և արդյունքում՝ իր համար պատկերացնում է հենց այդպիսի սցենարներ: 

 

Այս պարագայում վախը կարելի է բնակա՞ն համարել, թե՞ ոչ։

Այո՛, ծննդաբերությունից կարելի է վախենալ, վախը պաշտպանական բնույթ ունի: Պարզապես հարկավոր չէ ծննդկանին երեխայի նման խաբել, թե ծննդաբերությունը ցավոտ չի լինելու: Նրան պետք է նախապատրաստել այն պատվով հաղթահարելուն: Կնոջ հետ անհրաժեշտ է աշխատել այնպես, որ նա իր մտքերը տանի դեպի երեխայի ծնունդ, ապագայի գեղեցիկ պատկերի ստեղծում:  Վախերից ու տարաբնույթ մտքերից փախչելը խուսափողական մոտեցում է, որի դեպքում օրգանիզմի կողմից առաջանում է դիմադրություն: Կարող ենք խորհել  գաղափարի շուրջ՝ «երբ մենք որևէ զոհողության ենք գնում, ապա դրա դիմաց ստանում ենք շատ ավելի էականը»: Ահա այստեղ էլ կարևոր ձեռքբերումը երեխան է, չնայած որ կինն իր համար անցնում է բավականին ցավոտ ընթացք:   

 

Ո՞ր դեպքում է վախը դադարում բնական լինել և հոգեբանին դիմելու անհրաժեշտություն առաջ բերում:

Հոգեբանին դիմելու անհրաժեշտություն կլինի այն ժամանակ, երբ ծննդկանի մոտ լինի մշտական տագնապ, հուզական անկայունություն, որոնց հիմքում վախն է ոչ թե ծննդաբերության ընթացքից, այլ նրանից, որ մայր է դառնալու և նոր դեր է ստանձնելու, բալիկը փոխելու է իր կյանքը:  Երբեմն էլ պատճառ է դառնում երեխայի հոր հանդեպ վերաբերմունքը, սիրո բացակայությունը և այլն: 

 

Որո՞նք կարող ենք համարել ծննդաբերության հաջող ընթացքը պայմանավորող հոգեբանական գործոններ և, ի վերջո, պե՞տք է աղջկա կողքին լինել ծննդաբերության ժամանակ։

Ծննդկանին պետք է պատրաստել ծննդաբերության, որտեղ նա ակտիվ կողմն է:  Հաջող ընթացքը մեծամասամբ կախված է հենց նրանից, իսկ ուժ տվողն իր մեջ ապրող փոքրիկն է: Այսինքն՝ ծննդկանը պետք է գնա վստահորեն, ունենա դրական մտքեր, դրական էներգիայով լի լինի և օգնի փոքրիկին լույս աշխարհ գալ, ոչ թե սպասի օգնության:  Կարելի է կիրառել մեդիտացիոն տեխնիկաներ, որոնք հնարավորություն կտան մարմինը և միտքը նախապատրաստել ծննդաբերության:  

 

Ընդհանրապես, ծննդկանին շրջապատող մարդիկ ինչպիսի՞ գործողություններ չպետք է անեն։

Հարկավոր չէ Գերխնամք ցուցաբերել ծննդկանի նկատմամբ, քանի որ այդ դեպքում նա վատ իմաստով կթուլանա։ Իսկ հաջորդ ծննդաբերության համար անհրաժեշտ է, որ մայրանալ պատրաստվող կինը լինի ինքնավստահ, օգտագործի ներքին ռեսուրսները:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան 

 

 

 

 

Գովազդ