Ինչպե՞ս է պետք նախապատրաստվել հղիությանը և ինչի՞ց սկսել․ մանկաբարձ-գինեկոլոգը մանրամասնում է

Նախածննդյան շրջան

Ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը

Հղիությունն ինչպես ամենից հաճելի, այնպես էլ ամենաբարդ և կարևորագույն իրողությունն է կնոջ կյանքում: Դժվար թե հնարավոր լինի  հոգեբանորեն վերջնական պատրաստ լինելը, սակայն ֆիզիկակապես նախապատրաստվելն անկասկած իրագործելի է:

Հաշվի առնելով մեր կյանքում սթրեսածին գործոնների առկայությունը, էկոլոգիական խնդիրներն ու բազմաթիվ վտանգահարույց իրավիճակները՝ հղիության պլանավորումը միանշանակ ճիշտ տարբերակ է: Առողջ բալիկ ունենալու համար հարկավոր է վարել առողջ ապրելակերպ, կատարել ֆիզիկական վարժություններ, զբաղվել սպորտով, ընդունել ճիշտ սնունդ, հրաժարվել ճարպային սննդից, չօգտագործել ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ կամ այլ նմանատիպ նյութեր: Սա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն: Այդ ամենն առաջնահերթ ուղիղ  ազդեցություն ունի սերմնաբջիջների որակի ու քանակի վրա: Կնոջ պարագայում էլ բացի սեռական համակարգի աշխատանքից կարևորում է  նաև նյարդահոգեբանական վիճակը: Եթե հղիանալու ցանկությունն իրոք կա և կինն իրեն մենակ չի զգում, ունի իր հոգսը կիսող զուգընկեր, ապա հղիությունն ավելի թեթև կընթանա:

Հղիության պլանավորման էական բաղադրիչներից մեկն է բժշկին այցելելը: Բժիշկը հավաքում է ընդհանուր անամնեստիկ տվյալներ, տղամարդու և կնոջ հիվանդությունների պատմությունը: Պարզում է հնարավոր ուղեկցող հիվանդություններն ու տվյալ պահին սեռավարակների առկայությունը: Կանանց դեպքում կատարվում է փոքր կոնքի սոնոգրաֆիա՝ սեռական օրգանների վիճակը գնահատելու նպատակով, անհրաժեշտության պարագայում նաև որովայնի խոռոչի սոնոգրաֆիա: 

Առանձնացնենք մեկ այլ կարևոր կետ: Շատ աղջիկներ կարող են անհանգստանալ անկանոն դաշտանային ցիկլի պատճառով: Մտածեն՝ դա կարո՞ղ է խանգարող հանգամանք լինել հղիության համար: Նախ՝ պետք է պարզել անկանոն դաշտանի պատճառը։ Սովորաբար հորմոնալ ֆոնի փոփոխություններն են հանգեցնում դրա ուշացմանը կամ բացակայությանը: Եթե այդ ընթացքում չի լինում ձվազատում, ապա հղիություն չի կարող լինել: Եթե ցիկլը նորմալ իրականանում է, պարզապես մի քանի օր տատանում է լինում, ապա հղիությունը հնարավոր է։ Հիշենք, որ հորմոնների գլխավոր կառավարիչը վահանաձև գեղձն է: Եթե, օրինակ, կան դրա հետ կապված խնդիրներ՝ թերֆունկցիայի կամ գերֆունկցիայի տեսքով, անպայման վերահսկողության տակ է պետք պահել: Թերֆունկցիան կարող է դառնալ անպտղության պատճառ կամ հանգեցնել վիժման: Պետք է համոզվել՝ վահանագեղձը նորմալ է աշխատում տվյալ ժամանակահատվածում, հետո միայն գնալ հղիության: Նշենք նաև այն, որ ԿԿ-ի փուլում էլ հնարավոր է դաշտանի բացակայություն 6-24 ամսով, և այդ փուլում հղիությունը կարող է ստացվել։ 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ