Ինչպե՞ս հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան․ հոգեբանի խորհուրդները

Հետ ծննդյան շրջան

Երեխայի ծնունդը մայրիկի մոտ առաջացնում է հույզերի մի մեծ տարափ, որի կառավարման ղեկը միշտ չէ, որ նրա ձեռքում է: «Ուրախությանը միգուցե փոխարինի անկարողության զգացումը և հակառակը: Այդ հարցում վճռական դեր են խաղում ինչպես մայրիկի տարիքն ու անձնային որակները, պատկերացումները գործողությունների հերթականության և ապագայի, փոքրիկի ու իր խնամքի մասին, այնպես էլ՝ զուգընկերոջ կամ հարազատների հետ ունեցած հարաբերությունները, նրանց վերաբերմունքը»,-ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը:

 

Հետծննդաբերական դեպրեսիան՝ անկոչ հյուր

«Պատրա՞ստ եմ մայրանալուն, թե՞ ոչ»,  «Ունե՞մ վախեր», «Կկարողանա՞մ հաղթահարել». երբ կինն անվերջ երկմտանքների մեջ է, չի բարձրաձայնում իրեն հուզող հարցերի մասին և չգիտի ինչպես վարվել, կա հետծննդաբերական դեպրեսիայի առաջացման վտանգ: Հետծննդաբերական դեպրեսիայի նախանշաններից են հանդիսանում մայրիկի հետաքրքրության կորուստը շրջապատի հանդեպ, երեխային դժկամությամբ կերակրելը, սնունդ չընդունելը կամ չցանկանալն ամուսնուն տեսնել, հուզվելն ու արտասվելը: Նկատվում են տրամադրության ու շփման խանգարումներ, վարքային  փոփոխություններ: Փոխվում է նրա վարվելաձևը և՛ փոքրիկի, և՛ ընտանիքի անդամների նկատմամբ: Ուստի նախանշաններ տեսնելու դեպքում հարկավոր է մայրիկին ուղեկցել հոգեբանի մոտ: Շատ դեպքերում ընդամենը հարկ է լինում  կարգավորել նրա ռեժիմն ու դասավորել մտքերը:

 

Ի՞նչն օգտակար կլինի մայրիկին

 

Անի Ապիտոնյանը նշում է, որ խնդիրների ծագումը կանխել հնարավոր է, եթե գործեն խելացի ու տրամաբանորեն: Նախ՝

. Մայրիկը պետք է այցելի բժշկի հայրիկի հետ

Համատեղ այցելության ժամանակ հայրիկն ինքնըստինքյան ընդգրկվում է պրոֆիլակտիկ աշխատանքների մեջ: Զույգը միասին սկսում է ծրագրել, պլանավորել հետագան, ստանում է անհրաժեշտ ու օգտակար տեղեկատվություն: Մայրիկը զգում է, որ իր ձեռքն ամուր բռնել են, ինքը մենակ չէ, և տագնապն աստիճանաբար թուլանում է:

. Կատարի ժամանակի բաժանում

Մայրիկը կարող է թղթի վրա գրել կամ սխեմայի միջոցով պատկերել իր օրվա գրաֆիկը, այնուհետ խնդրել ընտանիքի անդամներին, որ մեկ-երկու ժամ օգնեն իրեն երեխայի հարցում: Մինչ հարազատները հոգ կտանեն փոքրիկի մասին, մայրիկը կհասցնի հանգստանալ: Միգուցե նա ցանկանա քնել, երաժշտություն լսել, քայլել կամ ընկերուհիների հետ սրճարան գնալ:

. Չմոռանա, որ մայր լինելուց բացի նաև կին է

Ամբողջովին մայրությանը տրվելն ու սիրելի տղամարդու մասին մոռանալը կարող են հանգեցնել ընտանիքում որոշակի տարաձայնությունների, հիասթափության ու անտարբերության առաջ գալուն: Վեճերից խուսափելու համար հարկավոր է միմյանց հետ շարունակել այն հետաքրքիր զբաղմունքները, որոնք առկա էին մինչ փոքրիկի ծնունդը կամ ձեռք բերել նորերը, որևէ տեղ գնալ ու ժամանակ անցկացնել: Նախկին բալանսը հնարավոր կլինի վերականգնել միայն հայրիկի ու մայրիկի համատեղ ջանքերի ներդրման միջոցով:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ