Ո՞ր դեպքերում մայրիկը չի կարող կրծքով կերակրել փոքրիկին. մաս 1

Հետ ծննդյան շրջան

Ի՞նչ պետք է անի կրծքով կերակրող մայրիկը, երբ հարբուխ է, ինչպե՞ս պետք է բուժի ատամը, կարելի՞ է ալկոհոլ օգտագործել, ո՞ր մարզաձևերով կարող է զբաղվել, ի՞նչ անել, երբ մաստիտ է գոյացել և ի՞նչպես պայքարել ալերգիայի դեմ. այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի օգնությամբ: 

Ո՞ր  դեպքերում մայրիկը չի կարող կրծքով կերակրել փոքրիկին:

Ցանկը բավականին աղքատիկ է: Առաջին հակացուցումը ՄԻԱՎ-ն է: Այդ դեպքում մայրիկը չի կարող կրծքով կերակրել  փոքրիկին: Երկրորդը՝ երբ մայրիկը որոշակի դեղեր է ընդունում, օրինակ՝ էրգոտամինները, ստացինները և եթե ստանում է քիմիաթերապիա: Չի կարելի կրծքով կերակրել նաև այն դեպքում, երբ կրծքի մաշկի և պտուկների հերպեսային ախտահարում կա: Վերջին հակացուցումը հեպատիտ C-ն է, երբ պտուկների  վրա կան ճաքեր և արյունահոսող մակերեսներ: Լինում են դեպքեր, երբ խնդիրը կապված է փոքրիկի հետ: Եթե երեխան ունի գալակտոզեմիա հիվանդություն, ապա կրծքով կերակրումը հակացուցված է:

 

Եթե մայրիկը հարբուխ է, ինչպիսի՞ բուժում  պետք է ստանա և ի՞նչ դեղամիջոցներ է կարելի  օգտագործել, որպեսզի կարողանա շարունակել կրծքով կերակրումը։ 

Հարբուխի բուժման համար սովորաբար հատուկ դեղամիջոց չի պահանջվում: Ընդամենը պետք է ախտանշանային բուժում: Եթե առկա է քթի փակվածություն, չորություն, ապա մայրիկը պետք է օգտագործի աղաջրային լուծույթներ, պետք է հաճախակի օդափոխի սենյակը, ուշադրություն դարձնի սենյակի ջերմաստիճանին: Եթե մայրիկն ունի  նեբուլայզեր, կարող է շնչել աղաջրային լուծույթներ ինհալացիոն տարբերակով։ Եթե  շատ բարձր  ջերմություն ունի, կարող է օգտագործել պառացետամոլ կամ իբուպրոֆեն։

 

 Ջերմության ու անգինայի պարագայում բուժման ո՞ր մեթոդներն են հակացուցված կրծքով կերակրող մայրիկներին։ Ինչպե՞ս իջեցնել ջերմությունը, եթե բնական միջոցները չեն օգնում:

Եթե ջերմությունը շատ բարձր չէ, մայրիկը պետք է շատ հեղուկներ օգտագործի, գոլ ջրով շփումներ անի, ազնվամորիով թեյ խմի։ Եթե բնական ճանապարհով չի ստացվում ջերմությունն իջեցնել, ապա կարելի է օգտագործել պառացետամոլ կամ իբուպրոֆեն։ Անգինայի տարբեր տեսակներ կան, բայց այս պարագայում պետք է ուշադրություն դարձնենք ստրիպտոկոկային անգինային։ Այդ դեպքում մայրիկի պետք է հակաբիոտիկներ ստանա։ Կա հատուկ հակաբիոտիկների ցանկ, որոնցից մի քանիսը կարող են օգտագործել կրծքով կերակրող մայրիկները։ Պարտադիր պետք է խորհրդակցել բժշկի հետ։

  

Շարունակելի 

Հեղինակ՝ Գառնի Մութաֆյան

Գովազդ