Արի խաղանք, հայրի՛կ. խաղեր հայրիկի և փոքրիկի համար - մաս 1

Փոքրիկիս հայրիկը

Մինչ  հայրիկը զբաղված է ընտանիքի նյութական ապահովմամբ, փոքրիկը ժամանակի հիմնական մասն անցկացնում է մայրիկի հետ:

Հայրիկը փոքրիկի հետ կարողանում է հիմնականում է ժամանակ անցկացնել կամ երեկոյան, կամ էլ հանգստյան օրերին: Ինչպե՞ս անել, որ փոքրիկն անհամբերությամբ սպասի հայրիկի վերադարձին: Հարկավոր է երեկոյան և հանգստյան օրերի  ժամանակը, որ հայրիկն ու փոքրիկը միասին են անցկացնում, հագեցնել հետաքրքիր խաղերով:

Ահա մի քանի խաղ, որոնք հայրիկը կարող է խաղալ ինչպես փոքր տարիքի մանկիկի հետ, այնպես էլ երեխայի հետ, որն արդեն սովորել է քայլել ու խոսել:

Հեքիաթային լոգանք

Ձեր փոքրիկը սիրո՞ւմ է լողանալ: Հրաշալի է: Երեկոյան փոքրիկի համար հեքիաթային լոգանք կազմակերպեք. լոգարանը վերածեք օվկիանոսի, որտեղ ապրում են զանազան ձկնիկներ, ջրի երեսին լողում են բադիկներ, անգամ նավակներ: Որևէ սյուժե մտածեք ու այն իրագործեք։ Օրինակ՝ թող խաղալիքները լինեն ծովահեններ, իսկ փոքրիկը՝ նավի կապիտանը: Կամ, օրինակ, ձկնորսությամբ զբաղվեք:

Խաղը զարգացնում է փոքրիկի երևակայությունը, ուշադրությունը և աշխարհայացքը:

Առա՛ջ, իմ ձիուկ

Բոլոր երեխաներն էլ սիրում են  զբոսնել հայրիկի վրա նստած: Փոքրիկի հետ «ձիով» զբոսանք կազմակերպեք. այս դեպքում հայրիկը դառնում է ձին, փոքրիկը՝ հեծյալը: Սենյակով մի լավ ձիով զբոսնելուց հետո փոքրիկը կարող է նրան ջուր տալ, կերակրել: Իսկ հայրիկն էլ, իհարկե, պետք է դերի մեջ մտնի:

Այս խաղն օգնում է փոքրիկին կողմնորոշվել և զարգացնում է շարժումների  ճկունությունը:

Հրաշալի լաբիրինթոս

Լաբիրինթոսի միջոցով կարող եք բազմազան դարձնել տիկնիկներով կամ մեքենաներով խաղը: Գրքերից և զանազան տուփերից լաբիրինթոս ստեղծեք: Իսկ հետո փոքրիկի հետ տիկնիկներով կամ ավտոմեքենաներով զբոսանքի դուրս եկեք լաբիրինթոսով: Ձեր խնդիրն է ճիշտ ուղին գտնել և դուրս գալ լաբիրինթոսից: Խաղի ավարտին կարող եք մեկ այլ խաղ սկսել՝ տեսնենք, թե ով ավելի արագ կհավաքի խաղալիքները: Այսպիսով ձեր հետևից նաև խաղալիքները կհավաքեք:

Այս խաղը կզարգացնի փոքրիկի ուշադրությունը, կոնկրետ իրավիճակներից ելք գտնելու ունակությունը:

Ես օդաչու եմ

Ոպես կանոն՝ փոքրիկները սիրում են, երբ հայրիկները նրանց օդ են թռցնում:  Հայրիկը կարող է նաև փոքրիկին «թռչել» սովորեցնել, օրինակ՝  թևերը բացած իր մեջքին տանելով: Թող օդաչու փոքրիկը ինքնաթիռի ուղևոր հայրիկին պատմի, թե ինչ է տեսնում ինքնաթիռի պատուհանից:

Այս խաղը զարգացնում է  փոքրիկի պատկերավոր մտածողությունը, շարժումների կոորդինացիան և խոսքը:

 

Շարունակելի 

Հաճելի ժամանց  փոքրիկի հետ