Կինը ձգտում է լինել գեղեցիկ, մնալ թարմ և թողնել հաճելի տպավորություն:
Սա գաղտնիք չէ, իսկ ապահովման մեթոդները բազմազան են՝ խնամքի բնական միջոցների գործածումից մինչև կոսմետիկ միջամտություններ: Ցանկացած պարագայում պետք է հաշվի առնել կոսմետիկ պրոցեդուրաների ընդունման առավելություններն ու կողմնակի ազդեցությունները: Հղի լինելու դեպքում՝ դա առավել քան կարևոր է: Հղիության ժամանակ նախ փոխվում է կնոջ մաշկի որակը: Փոքր արտաքին միջամտությունն էլ կարող է ազդել նրա և զարգացող պտղի վրա:
Հղի կնոջ խնամքի վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանել է «Հելիոս» բժշկական կենտրոնի էսթետիկ բաժնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ Լիլիթ Հարությունյանը։
Կնոջ մաշկը հղիության ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կարող է կրել: Ինչո՞վ են պայմանավորված տվյալ փոփոխությունները:
Հղիության ընթացքում փոփոխության են ենթարկվում կնոջ մարմինը, մաշկը, միտքն ու հոգին։ Մաշկի հետ կապված փոփոխություններից են սպիտակ բծերի՝ ստրիաների առաջացումը, մաշկի ձգվածությունը, պիգմենտային բծերի ի հայտ գալը դեմքի և մարմնի տարբեր մասերում: Օրինակ՝ ուսերի, կրծքավանդակի, ճակատի, քթի, կզակի հատվածներում: Պիգմենտային բծերի առաջացման պատճառները տարբեր են: Հիմնականը՝ հորմոնալ փոփոխություններն են:
Մաշկի առանձին մասերի զգայունությունը փոխվում է իգական սեռական հորմոնների՝ էստրոգենների ազդեցությամբ: Սա դառնում է մելանինի՝ մաշկի գույնի համար պատասխանատու գործոնի անհավասարաչափ բաշխման պատճառ։ Հաճախ նկատվում է դեմքի մաշկի յուղոտություն: Հորմոնալ ֆոնի փոփոխություններով պայմանավորված՝ քրտնագեղձերն ակտիվանում են։ Իհարկե պատահում է նաև հակառակը՝ մաշկի չորացում, ինչը պայմանավորված է վիտամին A և E-ի պակասով։ Հղիության շրջանում կարող ենք նկատել դեմքի մազերի արագ աճ, որի հիմքում արյան շրջանառության բարելավումն է: Այդ ընթացքում տեղի է ունենում մազերի ֆոլեկուլների սնուցումը։ Բոլոր թվարկվածները ժամանակավոր բնույթ են կրում և սովորաբար անցնում են ծննդաբերությունից որոշ ժամանակ անց, եթե խնդրի պատճառը անդրոգենների մակարդակի բարձրացումը չէ: Չմոռանանք պապիլոմաների և գորտնուկների առաջացման վտանգի մասին: Դրանք պայմանավորվում են թույլ իմունիտետով։ Հղիության ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի հեռացնել պապիլոմաներն ու խալերը։
Շարունակելի։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան