Հանրությունը զույգի ամուսնությունից հետո միանգամից ակնկալում է լսել կնոջ հղիության լուրը, և ցանկացած առիթով հետաքրքրվում են՝ «նորություն չունե՞ք», «ե՞րբ կլինի փոփոխություն», «երեխա ունենալ չի՞ ստացվում»։
Արդյո՞ք պետք է նման հարցեր հղել զույգին կամ ընդհանրապես խոսել տվյալ թեմայի շուրջ։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը գտնում է, որ հասարակության շրջանում նմանօրինակ հարցերի քննարկումն առավելապես կապվում է էթնոհոգեբանության հետ։ Քանի որ մեզ՝ հայերիս համար կարևոր են ընտանիքը, երեխան և սերունդ տալը, բոլորին հրապուրում է «նորություն կա՞» հարցի պատասխանը։ Հարցնողները կարող են չարակամ դիտավորություն չունենալ, այլ զուտ փորձ կատարել ցույց տալու իրենց հոգատարությունը, սակայն դա չի նշանակում՝ զգուշության և նրբանկատության մասին պետք է մոռանան։ Միգուցե կնոջ մոտ ֆիզիակական խնդիր կա կամ ինքն է այդպես ուզում, կամ տեսնում է՝ մեկ ուրիշ աղջկա մոտ մեկ անգամից ստացվում է և ավելի է լարվում։ Կամաց-կամաց նրա մոտ առաջ են գալիս անլիարժեքության բարդույթ, դեպրեսիա, բարձրանում է հուզականությունը։ Նա ներշնչում է ինքն իրեն՝ «ես այնպիսին չեմ, ինչպիսին պետք է լինեի», մտածում է՝ «ինչու՞ հենց ես»։ Այս պարագայում կողքից հնչող մեկնաբանություններն ու խոսակցություններն ի զորու են միայն խորացնել սթրեսը։
Պատահում է՝ կինը կարողանում է հանգիստ կերպով պատասխանել՝ «խնդրում եմ, մի՛ խառնվեք, դա մեր գործն է» կամ հումորային արձագանք տալ։ Էականն այն է, որ զույգը պատրաստ լինի այդ հարցերին և այնպես արձագանքի, որ շրջապատի անձինք հասկանան՝ այլևս պետք չէ այդպիսի թեմաներ բարձրացնել։
Կնոջ՝ հղիանալու մտքի վրա ֆիքսվելը բացասաբար է անդրադառնում բեղմնավորման պրոցեսի վրա։ Բնականաբար, ընթացքում նրա տագնապը մեծանում է, խաթարվում է հանգստությունը։ Ստացվում է, որ այժմ էլ բուն ֆիզիկական խնդիր չկա, սակայն փոքրիկ ունենալը կրկին չի ստացվում։ Եթե խնդիրը բժշկական դաշտում չէ, ապա հակված ենք ասելու՝ դա հոգեմարմնային խնդիր է․ որոշ հոգեբանական գործոններ առաջացնում են մարմնային խնդիրներ, և բեղմնավորումը տեղի չի ունենում։ Դա կարող է լինել լարվածությունից, հղիությունից ու ծննդաբերությունից ունեցած վախերի, կարիերայի մասին մտածելու, մարդկանց խոսքերին ուշադրություն դարձնելու արդյունքում։ Հոգեբանն ընդգծում է՝ մեր հասարակությունում դեռևս գործում է միտքը, որ երեխա չունենալու հարցում գլխավոր դերը պատկանում է կնոջը։ Այս ստերիոտիպային մտածողությունը կարող է ազդել ամուսինների հարաբերությունների վրա, գիտելիքների պակասը կբերի նրան, որ տղամարդն ու շրջապատը կսկսեն մեղադրել կնոջը։ Այստեղ էական է՝ ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս այդ ամենին կինը, կա՞ նրա մոտ ինքնամեղադրանք, նա մտածու՞մ է խնդրի լուծման ուղղությամբ, դա դարձնու՞մ է գերխնդիր։
Պարզապես պետք է հիշել՝ ամուսնությունը միայն ուրախություն չէ, այլ նաև դժվարությունների հաղթահարում։ Նմանատիպ իրավիճակներում փոխօգնությունը, մեղադրանքի բացառումն ու գերխնդիր չդարձնելն առաջնային պայմաններ են։ Հարկավոր է փնտրել այլ հետաքրքրություններ, ամուսնու և ընտանիքի անդամների հետ լավ ժամանակ անցկացնել, չհամեմատվել ուրիշների հետ, զրուցել։
Երբ զույգը խոսում է ապագա երեխայի մասին, փոքրիկն արդեն իսկ սկսում է գոյություն ունենալ նրանց խոսակցություններում։ Նրանք խոսում են, պլանավորում, ինչն ավելի հեշտացնում է խնդրի լուծումը գտնելը։ Առողջական խնդիր ունեցող անձը պետք է ձևավորի իր մեջ վերաբերմունք, որ «այո՛, կա խնդիր, բայց մենք համատեղ կլուծենք այն»։ Իսկ հարազատների միակ քաջալերանքը պիտի լինի այն, որ նրանք դադարեն խոսել տվյալ խնդրի մասին, չքննարկեն, թողնեն դա զույգի և բժշկի հայեցողությանը։ Դեպրեսիվ ծանր վիճակներ նկատելու դեպքում կարող են միջամտել, բայց պետք է մարդու կողքին լինեն միայն լռություն պահպանելով և խղճահարության նշույլ անգամ չդրսևորելով։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան