Արդեն մեկ տարի է, ինչ ունեք կանոնավոր չպաշտպանված սեռական հարաբերություններ և «ոչ» եք ասում հակաբեղմնավորիչներին, սակայն հղիություն չի արձանագրվում:
Սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի մեկնաբանմամբ՝ սա կարող է հուշել անպտղության գոյություն ունեցող խնդրի մասին: «Կանոնավոր ասելով՝ նկատի ունենք շաբաթվա ընթացքում 2-4 անգամ սեռական հարաբերություն ունենալը: Առավել բարենպաստ է համարվում 3-4 անգամը, քանի որ այն որոշակիորեն կհամընկնի ձվազատման օրերի և ձվաբջջի կենսունակության, ինչպես նաև սերմնահեղուկի վերականգնողական հատկության դրսևորման հետ: Այս գործոնները պետք է համադրելի լինեն»,-նկատում է նա ու ընդգծում՝ պետք չէ ամուսնանալ և սպասել, որպեսզի երկար ժամանակ հղիություն «չգրանցվի» ու հետո միայն այցելել բժշկի: Գնահատելով հարցի մեծությունը՝ սեքսապաթոլոգը ներկայացնում է տղամարդկանց կատարելիք քայլերը:
Սերմնահեղուկի ուսումնասիրության ընթացքը
Սերմնահեղուկի հետազոտությունն ամենապարզ և ինֆորմատիվ տարբերակն է, որն ի հայտ է բերում՝ տղամարդու մոտ կա՞ն ռեպրոդուկտիվ խնդիրներ, թե՞ ոչ: Սերմնահեղուկի միկրոսկոպիկ հետազոտությունը կատարվում է սեռական աբստինենցիայից՝ ձեռնպահությունից 3-5 օր անց: Լաբորատորիայում իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն և որոշվում մոտավորապես 24-30 բնութագրիչ: Սահմանվում են սերմնահեղուկի ծավալը, սերմնաբջիջների քանակը, կառուցվածքային առանձնահատկություններն ու որակական հատկանիշները, շարժունակությունը, կենսունակությունը և այլն: Չի բացառվում պարամետրերի փոփոխությունը, ուստի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է կրկնակի հետազոտություն կատարել:
Երբ պատկանում ես ռիսկային խմբին
Նախնական կանխարգելիչ հետազոտությունը ցանկալի է հատկապես ռիսկային խմբի տղամարդկանց համար: Նախ՝ ռիսկային են համարվում վնասակար սովորություններ ունեցող՝ ալկոհոլը չարաշահող, ծխախոտի մեծ քանակություն կամ թմրանյութերի որոշակի չափաբաժին օգտագործող անձինք: Այդպիսին են դիտվում նաև շաքարային դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ ունեցող, իրենց կենսագործունեությունը թունավոր նյութերով հագեցած միջավայրում ծավալող, տարաբնույթ դեղեր օգտագործող տղամարդիկ և այլք:
Անպտղության բուժման արդյունավետությունը
Արական անպտղության ամենածանր ախտորոշումը հանդիսանում է ազոսպերմիան՝ սերմնաբջիջների բացակայությունը: Դրա բուժումն ունի ամենացածր արդյունավետությունը: Իսկ եթե առկա են սերմնաբջիջների քանակական, որակական կամ ձևաբանական խնդիրներ, ապա ժամանակակից դեղորայքային բուժումն ապահովում է բավականին լավ արդյունք: Եթե թերապևտիկ, կոնսերվատիվ բուժման բոլոր մեթոդները սպառվել են ու չի արձանագրվել հղիություն կամ չի վերականգնվել սերմնահեղուկի ֆերտիլությունը, ապա զույգին խորհուրդ է տրվում իրականացնել արտամարմնային բեղմնավորում:
Հղիության արձանագրումը դեղորայքն ընդունելու ժամանակ
Դեղերի ազդեցությամբ արձանագրված հղիությունը խնդրահարույց չի լինի, եթե տղամարդու համար ընտրված է եղել ոչ քիմիական, ոչ սինթետիկ պրեպարատներով բուժում: Առանձնահատուկ դեպքերում բուժումն իրականացվում է հորմոնալ խթանիչների կամ այլ սինթետիկ դեղորայքի օգնությամբ: Այս պարագայում ցանկալի է որոշ ժամանակ խուսափել անպաշտպան սեռական հարաբերություն ունենալուց:
Հաճախ է շրջանառվում «իմունային հիշողություն» հասկացությունը, երբ կնոջ մոտ արտադրվում են համապատասխան հակամարմիններ և արգելակում, անշարժացնում տղամարդու սերմնաբջիջները: Տվյալ դեպքում ևս հարկավոր է ձեռնպահ մնալ սերմնահեղուկի հետ անմիջական շփումից, ինչը, գիտնականների կարծիքով, կթուլացնի իմունային հիշողության մեխանիզմն ու հակամարմինների արտադրությունը:
Ֆիքսվածությունը խանգարում է բուժմանը
Ճիշտ մոտեցում չէ, երբ անպտղության համար բուժվող զույգի բժիշկը խիստ կենտրոնանում է ձվազատման օրերին սեռական հարաբերություն ունենալու վրա: Որպես կանոն՝ զույգը հաջողության չի կարողանում հասնել, քանի որ տղամարդու մոտ առաջ է գալիս սեռական անկարողություն, արգելակվում են էրեկցիան և էակուլացիան՝ սերմնաժայթքումը: Զույգերը, բարենպաստ օրերի վրա ֆիքսվելով, էլ ավելի կխորացնեն խնդիրը: Հարկավոր է ուշադրություն դարձնել սեքսուալ ներդաշնակության պահպանմանը:
Հոդվածը պատրաստվել է Սևադա Հակոբյանի՝ անպտղության մասին ֆեյսբուքյան լայվի հիման վրա