Երեխայի դաստիարակության գործում հոր կարևոր դերի մասին հաճախ է նշվում, սակայն չի հստակեցվում, թե տղամարդուց ինչ քայլեր են ակնկալվում:
Հոգեբան Անաստասիա Ումանսկայան փորձել է տղամարդկանց գործնական խորհուրդներ տալ, թե որ տարիքում ինչպես դաստիարակել փոքրիկին ու շփվել նրա հետ:
Ամեն ինչ սկսվում է հղիությունից
Ձեր ապագա փոքրիկի հետ շփումը ցանկալի է սկսել դեռ հղիության փուլից, երբ փոքրիկը մայրիկի փորիկում է: Հղիության 6-7-րդ ամսում փոքրիկն արդեն ընկալում է շրջակա միջավայրի ձայները, և նրա համար ավելի շատ լսելի է տղամարդկային ձայնը: Ուստի, մի կողմ վանեք միտքը, որ փորի հետ խոսելը ծիծաղելի է թվում, ձեռքերը դրեք Ձեր կնոջ փորին, կռացեք դեպի այն ու խոսեք փոքրիկի հետ: Անմիջապես կզգաք, թե ինչպես է փոխվում փոքրիկի ակտիվությունը`որպես արձագանք Ձեր խոսքերին:
Երբ փոքրիկն արդեն ծնվել է
Փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո ընտանիքում գրեթե ամեն ինչ փոխվում է: Փոքրիկի խնամքը մայրիկից շատ ժամանակ է պահանջում: Սակայն պետք է հաշվի առնել, որ մայրիկին հարկավոր է նաև ժամանակ առ ժամանակ զբաղվել իրենով: Հենց այդ պահին օգնության եք հասնում Դուք, գրկում եք փոքրիկին և խոսում նրա հետ: Մինչև փոքրիկի ծնվելը Ձեր կնոջ փորիկի հետ զրույցների շնորհիվ նա այժմ կհիշի Ձեր ձայնը և չի լացի Ձեր գրկում, իհարկե, եթե քաղցած կամ թաց չէ:
Շատ հայրիկներ վախենում են գրկել փոքրիներին: Նման պարագայում խնդրեք Ձեր կնոջը կիսվել Ձեզ հետ իր հմտություններով: Շուտով կհասկանաք, որ վախենալու ոչինչ չկա, և Դուք էլ կարող եք գրկել ու սիրել փոքրիկին առանց նրան վնասելու:
Փոքրիկն արդեն 1-3 տարեկան է
Այս տարիքում ավելի դժվար է խոսել երեխայի հետ, քանի որ նրա խոսքը դեռևս գտնվում է զարգացման փուլում և այնքան էլ հստակ չէ: Այնուամենայնիվ, խոսեք նրա հետ, որքան շատ խոսեք, այնքան շուտ կզարգանա խոսքը:
Փոքրիկների ժամանցն հայրիկների հետ բոլորովին այլ է, քան մայրիկների հետ. hայրիկները երեխաներին նստեցնում են վզին, մեկ օդ բարձրացնում, մեկ ցած իջեցնում, ինքնաթիռ-ինքնաթիռ են խաղում ու այդպես շարունակ: Նման շփումը փոքրիկի հետ շատ կարևոր է, քանի որ նա այսպես սովորում է զարգացնել տարբեր տիպի հարաբերություններ:
Երեխան, բացի մորից պետք է շփվի հոր, տատիկի, պապիկի և այլ անձանց հետ: Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի նոր հարաբերությունների, որոնք էլ իրենց հերթին ապագայում կօգնեն նրան այլ երեխաների, ուսուցիչների և շրջապատող անձանց հետ մտերմանալուն:
Շատ կարևոր է երեխային պատմել նաև Ձեր գործերի ու պարտականությունների մասին: Դա կօգնի փոքրիկին հասկանալ, որ ընտանիքից այն կողմ մեծ աշխարհն է, որտեղ բոլորն ունեն պարտականություններ:
Շարունակելի
Նյութն ըստ ya-roditel.ru կայքի