«Սասնա ծռեր» էպոսը

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը
«Սասունցի Դավիթ»  կամ  «Սասնա ծռեր» էպոսն է։

Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ են, ովքեր ապրում ու պայքարում են հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցության:

Հայրենասեր զավակ դաստիարակելու գործում, անկասկած,  իր ուրույն  տեղն ունի «Սասնա ծռեր» էպոսը: «Խենթ» հերոսների պատմությունը և քաջագործությունները Ձեր փոքրիկի հոգում էլ հայրենասիրության կրակ «կվառեն»:

Ուստի, այսուհետ «Իմ փոքրիկը» հատվածաբար կներկայացնի հերոսական էպոսը:

 

 

Ճյուղ առաջին

Սանասար և Բաղդասար

 

Ըսկիզբն էր կըռապաշտ Խալիֆան,
Մեկ էլ Հայոց Գագիկ թագավոր.
Կռապաշտ Խալիֆան Բաղդադ կը նստեր,
Գագիկթագավոր՝ Բերդ-Կապոտին։

Գագիկ թագավոր ծեր, ալևոր էր.
Զինք շա՛տ հարըստություն ուներ,
Զարմ ու զավակներ չուներ.
Մեկ աղջիկ ուներ, շատ տեսակով,
Անուն՝ Ծովինար խանում։

Էն ժամանակ ո՛ր թագավոր զորեղ ըլներ,
Էն մեկէլից հարկ կ’առներ։
Բաղդադու Խալիֆան շատ զոր ու զորընդեղ էր.
Ասքար արեց, էկավ վեր մեր ազգին.

Շատ առ ու ավար առավ,
Ու շատ գերի բռնեց տարավ,
Շատ ըզմեր ազգ կտրեց, նվազցուց։
Ու Հայոց Գագիկ թագավոր
Բաղդադու Խալիֆային խարջդար էղավ։

 

Օրերից մեկ օր Խալիֆան էլավ.
Էրկու մարդ հարկ առնող ուղարկեց.

— Գնացե՛ք, իմ խարջ ժողվեցեք, բերեք։
Հարկ առնողներն էկան, անցան
Թագավորի քոշկ ու սարի առջևեն.
Որ կ’անցնեին, լուսմի էնոնցէրևաց։
Իրիշկեցին, ի՞նչ տեսնեն,—
Էնպես խորոտ աղջիկ մի էրևաց,
Արևուն կ’ասեր. «Դու դուրս մ’էլներ, ե՛ս դուրս էլնեմ»։
Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,
Որ տասնուչորս ավուր լուսնին կը նմաներ,
Որ յոթ սարի էտևեն կ’էլնի։
Էդ հարկ առնողներ ինչ տեսան զէդ աղջիկ,
Խելք գլխըներուց գնաց,
Էրկուսն էլ անհուշ, անակահ ընկան։
Մեկ սհաթեն թագավոր մարդ ուղարկեց,
Էկան, զէնոնք տարան իր պալատ։

Էդ մարդիկն իսկի բան չասին,
Էրկուսն էլ էլան, սուս ու փուս դարձան,
Իրենց Խալիֆայի մոտ գնացին։
Խալիֆան հարցուց.— Խարջ բերի՞ք։ Չբերի՜ք։
Ասին.— Թագավոր ապրած կենա, ի՞նչ խարջ, ի՞նչ բան,
Էնպես մեկ բան մ’ենք տեսեր,

Աղեկ էր մենք չմեռանք։
Դու ըլնեիր, ավատաս, իրեք ամիս
Անհուշ գետին կ’ընկնեիր։
Խալիֆան հարցուց.– Ի՞նչ էր ձեր տեսած։
Էնոնք ասին.— Քո տուն աստված շինի.
Դու ի՞նչ կ’անես ապրանք ու գանձ, հարըստություն.
Քեզ ունիս հո՛ղ, երկի՛ր, ապրա՛նք ու գանձ, հարըստությո՛ւն,
Դու շա՛տ ունիս ոսկի, արծաթ, անգին քարեր.—
Էն խաչապաշտ Հայոց թագավորին
Մի է՛ն տեսակ աղջիկ ունի.
Աղջիկ մի իրենից շատ խորոտիկ,
Որ ամե՜ն մի բան կ’արժի։
Ահա, Խա՛լիֆա, զէդ հրեղեն աղջիկ տեսանք,
Որ գիշեր-ցերեկ չուտես, չխմես,
Հա՛ էնոր շենք ու շնորհքին թամաշա անես։
Խելք ընկավ կռապաշտ Խալիֆային,
Ջուղաբ ղրկեց Հայոց թագավորին.
Ասաց.— Քո աղջիկ տա՛ս ինձի։

 

Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ։
Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ։
Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
Խաթրով ըլնի, տի տա՛ս։
Կռվով ըլնի, տի տա՛ս։
Թե քո աղջիկ չտա՛ս,
Քո ժողովուրդ առ ու գերի կ’անեմ,
Ձեզ ամենիդ կըմորթեմ,
Քո ազգ ամեն կը կտրեմ,
Քո քաղաք տակ ու վերև կ’անեմ,
Քո թախտ ու թագ կը քանդեմ։
Ասաց.— Կռիվ կ’անեմ, չեմ ի՛տա։

***

Բաղդադու Խալիֆան կանչեց, ասաց.
— Հա՜, ասքա՜ր, ասքա՛ր արեք, գնացե՛ք.
Աղջիկ կը տա՝ կը տա. չի տար,
Քար քաղեցե՛ք, ավազ մաղեցե՜ք,
Ժողվեցեք, բերե՛ք՝ ինչ կա։
Էլան, ասքար արին, էկան.
Էկան Հայոց թագավորի վերա։
— Ահա, թագավոր,
Քո աղջիկ կամ կը տաս տանենք,
Կամ քար քաղենք, ավազ մաղենք,
Ժողվենք, տանենք՝ ինչ կա։
Թագավորն իրիշկեց, ի՜նչ իրիշկեց,–
Քանց աստղ էրկինք՝ զորք է թափվե։
Կռիվ արին, շատ զորք սպանին.
Խաչապաշտ թագավոր կոտրվեց։

Ծովինար խանում էրդիք կայներ էր.
Միտք արեց իր մեջ. «Որ իմ հերն իմանար,
Էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կը տար—
Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն,
Էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ տ’անիծեն,
Վերջըն զոռով ինձ տի տանեն։

Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ,
Իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա»։
Աղջիկն էլավ, գնաց իր հոր դիվան,
Ասաց.— Հա՛յրիկ, ինչի՞ կը մտածես։
Հեր պատասխան էտու էնոր, ասաց.
— Ես էնոր համար կը մտածեմ,
Որ էս զորքեր ամեն, էն քո համար է էկած
Կամ տ’էրթաս, կամ մեր էրկիր տ’ավերեն,
Խալիֆան մեր թագավորություն տ’առնի,
Զամեն տի սպանի, գերի տի տանի։
Թե իմ աղջիկ տամ, էն արաբ է, ես հայ եմ։
Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ե՛ս էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի։
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Զանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար հազար հոգիք կորուսանին։
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։

Ժողով արին իրենց մեջ,
Թե ի՛նչպես անենք,տա՞նք, թե՞ չտանք։
Զուղաբ արին թագավորի աներոջ,—
Ինչ Վարդպատրկա էպիսկոպոսն էր,— էկավ։
Զուղաբ արին ՔեռիԹորոսին,— էկավ։
Թագավոր կանչեց իր ընտանիք,
Ժողով արեց, ասաց.
— Ժո՛ղովուրդ, դուք ի՞նչ կ’ասեք.
Կամքով տա՜նք զաղջիկ, թե չէ՝ կռվենք.
Դուք ի՛նչ խորհուրդ կը տաք։
Մեկն ասաց.— Չկա՛րնանք՝ կռիվ անենք.
Աղջիկ է՛ տանք՝ առնի, տանի։
Մեկն էլ ասաց.— Չէ՛, կռիվ կ’անենք.։
Մենք զմե զամեն տի տանք կոտորել
Ու զմեր աղջիկ չենք ի՛տա կռապաշտ թագավորին։ —
(Դե ազգություն է, թասիբ կ’անեն),
Էդտեղ Թորոս, տասյոթ-տասնութ տարեկան էր,

Տեսավ ժողովական կ’ուզեն՝
Պատիվ անեն թագավորին,
Կ’ուզեն կռիվ անեն, աղջիկ չտան,—
Ասաց.— Թագավոր ապրած կենա,
Ես գիտեմ ժողովական կ’ուզի՝
Կռիվ անի, աղջիկ չտա.
Աղեկ է, որ աղջիկ մի վերջանա,
Քանց թե ազգ մի վերջանա։
Թա՛ գավոր, որ դու ինձի ականջ անես
Արի աղջիկ տանք՝ տանի.
Մենք չկա՛րնանք՝ կռիվ անենք։
Էնպես հաշվենք, թե էդ աղջիկ
Իսկի չի՛ էղեր քեզի։
Էդտեղ խորհուրդք արին,
Էպիսկոպոսն էլ համաձայնավ, ասաց.
— Մեկ հոգու պատճառով ա՞զգ մի տանք կտրե՛լ.
Չէ՛, էդ մե՛կ հոգին թող էրթա։

Հեր չէր ուզի էդ բան.
Տեսավ, որ ճար վերան կտրավ,
Համաձայնավ, էլավ, աղջիկ տվավ։
Խաբար ղրկեց Խալիֆային,
Թե.— Հա՛, կը տանք, արի տա՛ր։
Խալիֆան էլ իր պատրաստություն տեսավ,
Զիր հարսնևոր առավ, էկավ։
Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց.
— Հա՛յրիկ, Խալիֆային ասա՝
Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,
Ինձ որ տանի, էնտեղ դնի.
Մեկ տարի մոտ ինձ չգա,
Իմ հետ փարդան չմտնի։
Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,
Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,
Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.
Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ։
Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի,
Որ էն բաներ կատարի։

Հերն էլ իր աղջըկան ասածն ամեն
Բադդադու Խալիֆային ասաց։

— Խա՛լիֆա, ասաց Գագիկ թագավոր.
Ես հետ քեզ կռիվ չեմ անի.
Ես հետ քեզ պայման տի կապեմ։
Որ ես իմ աղջիկ տամ քեզ,
Իմ աղջկան հետ քահանա մի տի գա.
Էն իր աստված կանչի, իր խաչ պաշտի,
Դու քո կռքեր պաշտես։
Էնոր ջոկ տեղ սենեկ մի տի տաս,
Մեկ տարի էլ մոտ ինք չէրթաս։
Կռապաշտ թագավորն ասաց.
— Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ.
Հետ քեզ պայման կը կապենք։
Դու քո աղջիկ տուր ինձ,
Ես էլ քենե հարկ չեմ ուզի.
Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի,
Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է։
Չէ թե չուր մեկ, ուխտ ըլնի.
Չուր յոթ տարի մոտ ինք չէրթամ։
Խըդամ մի կըդնես հետ,
Քահանա մի կըդնես հետ.
Աղջիկ կը տաք, ես կը տանեմ մոտ ինձ.
Իմ սարայի դիմաց էնոր համար
Ջոկ քոշկ ու սարայ կը շինենք։
Աղջիկ մնա ի՛ր օրենքով,
Ես մնամ ի՛մ օրենքով.
Չէ՞ մենք արաբ ենք, դուք՝ հայ։

***

Կռապաշտ թագավորն էկեր, Տեղտիս կը նստեր.
Գագիկ թագավորի նստած տեղ
Նորագեղա դաշտի մեջն էր։
Թագավորն էնտեղ ուներ ամառանոց,
Հոտավետ, անուշ արոտատեղեր,
Ծաղիկներով ու մարգերով զարդարված,
Էնտեղ կը գտնվի ԿաթնովԱղբուր։
Էնտեղ վրաններ զարկին,
Յոթ–ութ օր հարսնիք արին։

Ծովինար խանում խնդիրք արավ թագավորից,
Ասաց.— Հա՛յրիկ թագավոր,

Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝
էրթամ Հիլի, աղբրներու վերան զբոսանք.
Մեկ տասն իմ չափին աղջիկ դիր հետ ինձ,
Էրթանք սեյրան, ուրախություն անենք,
Ման գանք չուր իրիկուն,
Իրիկուն դառնամ, էրթամ իմ տեղ։
Թագավորն ասաց.— Քեզ հրաման է,
Գնա՛, մա՛ն արի, դարձի՛։

Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ
Գնացին պըտըտելու Կաթնով Աղբուր։
Ման էկան չուր իրիկուն։
Աղջիկ տեսավ՝ արև-աշխարք կա, արեգակ կա,
Ամեն մարդ հետ իր գործին.
Ոմանք հետ իրենց ջրին, օչխարին.
Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութնին։
Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
Էսքան լուս աստևոր կա, ես չէի գիտի։
Գնացին, էլան սարի վերև,
Էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին,
Հետո ման էկան, տեսան Կապոտ ծով.
Գնացին ծովափ սեյր անելու։

Իրիկուն որ տի դառնար, տուն գար
Ծովինար ասաց աղջիկներուն.
— Աղջի՛կներ, դուք քելեք, գնացեք,
Ձեզ համար ման էկեք, քեֆ արեք,
Ես էրթամ, քիչ ջուր խմեմ։
Մտածելով ծովու բերան վե գնաց.
Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.
Նայեց, տեսավ, որ ծովին ծեր չկա։
Ինք ու քեռմեր ծովու պռուկ նստան, լացին։
Շատ նեղացավ աղջիկն ման գալով,
Էնոր խըդամ շատ ծարվեցավ,
Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.
— Էս ծովի ջուր շատ աղի է։
Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,
Ես խմեի, սրտի սպապակն անցներ։
Քեռմերըն շատ ֆըռաց, ջուր չգտավ,
Էն ժամանակ Ծովինար ասաց.

— Աստված, դու մեկ ադբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես։
Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,
Մի շատ համեղ ջուր դուրս էկավ։
Նայեց, տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
Սիպտակ ադբուր մի էդ քարից կը թալի.
Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր.
Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու,
Էդ ադբուր էրթա, որ ջուր խմի։
Ինքն իր շորեր էհան, գնաց էդ ադբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիք ջուր խմեց,
Սեկ էլ՝ մի բուռ կիսատ։
Սղբուրըն ցամաքավ։
Էդ էրկու բուռ ջրից հղացավ։
Ետ էնոր իր աղջիկներ ժողվեց,
Էնդից դարձան, էկին տուն,
Էկին Գագիկ թագավորի մոտ։

Առավոտուն Խալիֆայի զորքըն քաշվավ։
Թագավորն իր աղջըկա ձեռք-ոտք տեսավ։
Էլան, հեծուցին, տարան, հասուցին
Էն կռապաշտ Խալիֆայի քաղաք։
Երբ գնացին, քաղաք հասան,
Էդ թագավոր շատ ուրախացավ,
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արեց.
Մեջլիս, ուրախություն արեց։
Էնոր համար մեկ ջոկ սարայ շինեց,
Հաց, ջուր ղրկեց էնտեղ,
Ասաց.— Սարայից դուրս չգաք։
Ծովինար խանում գնաց, մտավ յոթոտանին,
Յոթ դուռ շինեց, սուգ արեց։

***

Մի ժամանակ վրա անցավ,
Ծովինար իմացավ, որ էրեխով է.
Ակհավ, որ էն ծովից է.
Ամա Խալիֆային չհայտնեց։
Խալիֆան էլ ակհավ, ասաց. «Իմ զարմից չէ»։

Գնաց դիվան նստեց, կանչեց վազրին,
Թե.— Չես ասի, էսպես բան է էղե.
Վազի՛ր, ապա ի՞նչ անենք։
Վազիրն ասաց.— Թագավոր ապրած կենա, սպանենք։
Հրամայեցին դահճին.
— Գնա, էնոր վիզ կտրի՛։
Դահիճն էկավ սարայ, ասաց.
— Թագավոր հրաման արե՝
Ըզքո վիզ տի կտրեմ։
Ծովինար խանում ասաց.
— Ձեր թագավորին դատաստան չկա՞,
Չէ՞ որ էրեխով կնկան վիզ կտրել
Մեկ անգամից էրկո՛ւ մարդ ըսպանել է։
Խալիֆային ասա՝ դադրե՛ք,
Չուր ես իմ էրեխան բերեմ.
Էն ժամանակ,— տեսնենք՝
Տղա է, ինչ է,— թող իմ վիզ կտրեն։
Թե որ կը հարցուցեք, ասաց,
Իմ հոր տնեն որ կուս էկեր եմ,
Մինչև էսօր դեռ կուս եմ ես.
Իմ էրեխան, աստծու կամքով,
Ծովի ջրից է գոյացե։
Դահիճ գնաց Խալիֆայի մոտ,
Ասաց.— Թագավոր ապրած կենա,
Քո կնիկ, Գագիկ թագավորի աղջիկ,
Էսպես, էսպես ասաց ինձի։
Վազիրն ասաց Խալիֆային.
— Աղեկ է ասեր Ծովինար խանում.
Թող մնա, իր էրեխան բերի,
Էն ժամանակ վիզ կտրենք։
Ժամանակ տվին. չուր էրեխան բերի։
Էն էլ ասաց.— Զգուշ կացե՛ք.
Իրիշկենք, չուր էրեխան ըլնի, իր կամքն է,
Ես տեր եմ. իմ կնիկն է Ծովինար.
Էլ դուք մի՛ խառնըվիք։

Մնաց։ Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
Ինը րոպե որ թամամավ,
Էնոր ժամանակ լըմընցավ,
Էրկու տղա է բեր.
Մեկըն թամամ, մեկըն կիսատ։

Մելքիսեթ քահանան էկավ,
Թոնդրան վերա կնքեց.
Ջոջ տղի անուն էդիր Սանասար,
Պստիկին՝ էդիր Բաղդասար։

Ականջկլան տարան Խալիֆային.
Թե.— Քեզ ջուխտ մի լաճ էլավ։
Թե խալխ տարով կը ջոջանան,
Էնոնք օրով ջոջացան։
Խալիֆան հո իրիշկեց,
Տեսավ զէրկու տղան, աչքեր կուրցավ։
Ասաց.— Դահճին ասեք,
Թող էրթա, էնոր վիզ կտրի։
Դահիճ գնաց Ծովինարի մոտ.
Ասաց.— Քո վիզ տի կտրեմ։
Ծովինար խանում ասաց.
— Ձեր թագավորին կանոն, օրենք չկա՞.
Ծծմոր տղեքըն ի՞նչպես կը շահեն,
Որ էն իմ վիզ կը կտրի։
Թող իմ տղեք մեծանան,
Նոր՝ իմ վիզն էն թող կտրի.
Ես հո էստեղից չեմ կա՛րնա փախնիմ։

Դահիճ գնաց Խալիֆային հայտնեց,
Էն էլ կանչեց վազրին հարցուց.
— Ի՞նչ խորհուրդ կը տաք էս բանի համար։
Վազիրն ասաց.— Տաս տարի ժամանակ էնոր,
Տղեք մեծանան, վիզ նոր կտրենք.
Էն էստեղից դո՞ր տի գնա.
Թող բռնավորի պես ներս մնան։
Թող սարայից դուրս չգան։

Կես տարի սարայի մեջ մնացին։
Հետո ջուղաբ ղրկեց Խալիֆային.
Ես հա՞վք եմ, որ դու ինձ դրեր ես վանդակ.
Ես բռնավո՞ր եմ էստեղ,
Որ ինձի դրեր ես բանտ,
Չես թողնի տանից դուրս գանք.
Արև էրդիս վե՝ կը տեսնենք,
Լուս էրդիս վե՛ կ’առնենք։
Խալիֆան ասաց.— Ես ի՞նչ անեմ։

Թող դուրս գան, գնան ման գալու։
Դռնապահներն իրավունք տվին,
Ու դուրս էկին ման գալու։
Քանի մի ժամանակ անցավ,
Էդ ճժերն օրըստօրե պետացան.
Ինչ էղան մեկ տարեկան,
Ինչպես հինգ տարեկան տղա։
Կ’էլնեն դուրս, հետ ճժերուն կը խաղան.
Զճժեր կը տփեն, կը լացուցեն։
Քաշեց հինգ-վեց տարի, չքաշեց,
Սանասար ու Բաղդասար պետ կտրիճներ դարձան.
Մերն ասաց քահանային.— Տե՛րտեր,
Իմ տղաներին դաս տուր՝ կարդան։
Դաս էտու տղաներին.
Էնոնք գրել-կարդալ սովորեցին։

Ավուր մեկին Խալիֆան
Էդ էրկու տղաներ կանչեց,
Տարավ դիվան, իրիշկեց,—
Էնոնց խոշորություն որ տեսավ,
Էնոնց խոսք ու զրուց որ լսեց,
Վախեցավ էնոնց մոտեն,
Ճամփեց, գնացին տուն։

Ճժեր էղան յոթ տարեկան։
Օր մի կը խաղային հետ էն մեկէլ ճժերուն.
Սիլա մի զարկեց Սանասար վազրի լաճուն,
Վիզըն ծռվեց, մնաց ծուռ։
Վազիր գնաց Խալիֆայի մոտ գանգատ,
Ասաց.— Էս ի՞նչ աստծու պատիժ է.
Մեզ ճիժ չթողին սալամաթ։
Խալիֆան ասաց.— Իրավունք ունին.
Ես գիտեմ՝ էնոնք որ ջոջանան,
Տի կախվեն իմ մորուսից։
Կա՛ց, էնոնց համար բան մի կ’անենք։


Comments   

 
0 #5 Մարիամ 2014-04-19 07:43
Արձակ չկա :-?
Quote
 
 
+3 #4 Արսեն 2014-01-03 17:01
Շնորհակալությու ն, որ թվայնացնում եք մեր Հայկական գրերը ու մեծագույն արժեքները:
Quote
 
 
+17 #3 Ann 2012-11-08 19:06
ինչպես կարող եմ նկարագրել Ծովինարի կերպարը? :-|
Quote
 
 
+10 #2 Ann 2012-11-08 19:04
:lol: :-) :lol:
Quote
 
 
+10 #1 Վարդուհի 2012-11-04 18:45
:D :lol: :-) ;-) 8) :-| :-* :oops: :sad: :cry: :o :-? :-x :eek: :zzz :P :roll: :sigh:
Quote
 

Add comment


Security code
Refresh